Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար,
քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝
հայ-իրանական զորավարժություններն ունեին երկու կարևոր բաղադրիչ: «Առաջինը՝ սա ինչ-որ չափով արձագանք է վերջին
շաբաթների Ադրբեջանի մեղադրանքներին՝ հրադադարի խախտման վերաբերյալ։ Հայկական կողմն
իհարկե հերքում է, բայց կար վերլուծություն, որ Ադրբեջանն էսկալացիոն ֆոն է նախապատրաստում։
Եվ երկրորդ շերտն ավելի կարևոր է՝ հայ-իրանական սահմանն այն պրոցեսի մեջ է, որ դառնում
է հենց հայ-իրանական սահման»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հիշեցնելով, որ հայ-իրանական
սահմանից ռուսական կոնտինգենտը դուրս է եկել, բուն վերահսկողությունը դառնում է
50/50 հարաբերակցությամբ։
Նրա դիտարկմամբ՝
այժմ հայ-իրանական սահմանն առանց միջնորդների և երրորդ կողմերի է։
Քոչինյանն
ընդգծեց՝ Ադրբեջանի համար անակնկալ էր հայկական կողմի համաձայնեցումը խաղաղության պայմանագրի
բոլոր դրույթներին։ Եվ այժմ, ըստ Քոչինյանի, Բաքուն, ձգձգելով պայմանագրի ստորագրումը,
փորձում է հավելյալ կալորիաներ ստանալ. «Ադրբեջանը փորձում է հնարավորինս շատ ժամանակ ձգել, իր վրա պարտավորություններ
չվերցնել։ Միջազգային հարաբերությունների կոնյունկտուրան քանդվում է, մենք մուտք ենք
գործում անբևեռ աշխարհ, և դա Ադրբեջանին թույլ է
տալիս փորձել ստանալու ավելին, քան մինչ այս պահը՝ ուժի սպառնալիքի կիրառմամբ։
Այնպես որ, Ադրբեջանը չի շտապում թեման փակել։ Կհամաձայնի փակել և ստորագրել պայմանագիրը
մեկ պարագայում՝ եթե ստանա հավելյալ կալորիաներ, ընդ որում, պարտադիր չէ՝ Հայաստանի
հաշվին»։
Մեր զրուցակիցն
ասաց՝ եթե Եվրամիությունն ու ԱՄՆ-ն իսկապես հետաքրքրված են խաղաղության պայմանագրի
ստորագրմամբ, ապա ունեն Ադրբեջանին առաջարկելիք։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն
ամբողջությամբ՝ տեսանյութում