Բաքվում հասկանում են՝ որքան ՀՀ-ն մոտ լինի ԵՄ-ին ու ԱՄՆ-ին, այնքան կհզորանա

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ռուսահայ հանրության շրջանակից չէր կարող վրիպել այն փաստը, որ Հայաստանում ընդունվել է Եվրամիությանն անդամակցելու մասին օրենք, և դա դիտարկվում է  որպես հակառուսական քայլ: «Քանի որ Ռուսաստանն այսօր իր շահերի դեմ ցանկացած միտում հակված է պատժել ամենադաժան մեթոդներով։ Եվ հենց այսպիսի սպառնալիքների ձևով են ներկայացնում գնահատականները Հայաստանի կործանման վերաբերյալ։ Այս տրամաբանությունը դարձել է  կարծրատիպ՝ բոլորը նույն բանն են կրկնում՝  չավելացնելով որևէ երանգ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ խոսելով Մոսկվայում անցկացված՝ «Եվրասիան՝ ավանդական արժեքների տարածք» ֆորումի ընթացքում ռուսահայ գործիչների կողմից Հայաստանի հասցեին հնչեցված սպառնալիքների մասին։


Նավասարդյանի դիտարկմամբ՝ թե՛ Մոսկվային և թե՛ Բաքվին անհանգստացնում է Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը՝ քաղաքակիրթ աշխարհին, սակայն դրա համար երկու երկրներն ունեն տարբեր պատճառներ. «Դա մենք շատ լավ նկատում էինք դեռ 15 տարի առաջ, երբ սկսվեց իրականացվել ԱլԳ քաղաքականությունը, և Հայաստանը բանակցում էր Ասոցացման համաձայնագրի շուրջ։ Արդեն այդ ժամանակ նկատվում էր, թե ինչպիսի ակտիվ քարոզչական ջանքեր էր իրականացնում Ադրբեջանը, որպեսզի խանգարի այդ գործընթացին։ Քանի որ նպատակները Ռուսաստանի հետ համընկնում էին՝ համատեղ ուժերով, անվտանգային սպառնալիքներ ստեղծելով այդ օրվա իշխանություններին ստիպեցին հրաժարվել Ասոցացման համաձայնագրից։ Հիմա էլ մենք նույն բանն ենք տեսնում։ Բաքուն շահագրգռված է, որ Հայաստանը թուլանա, հեռանա ազդեցիկ աշխարհաքաղաքական այնպիսի կենտրոններից, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։ Ես սա չեմ դիտարկում համաձայնեցված քաղաքականություն, երկու երկրներն իրար օգտագործում են իրենց նպատակների համար»,- նկատեց նա։


Խոսելով վարչապետ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարելիք այցի մասին՝ մեր զրուցակիցն ասաց՝ հայ-ռուսական հարաբերություններն այլևս չեն կարող լինել առաջվանը, սակայն չեն էլ կարող չլինել։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում