Գյումրին որոշակի տուրբուլենտություն կբերի Հայաստանի քաղաքական դաշտում. ռուսական ազդեցությունը ևս կա

Գյումրիում հետընտրական աղմուկ-աղաղակից հետո այսօր  տեղեկացանք, որ Գյումրի համայնքի ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացրել ավագանու մանդատից հրաժարվելու դիմում։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։


«Ակնհայտ էր՝ դա պետք էր այն բանի համար, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս ավելի շատ ձայներ ստանալ, հետո էլ այդ ձայներն օգտագործել տարբեր նպատակներով։ Այն, որ Մարտուն Գրիգորյանը չի վերցնելու մանդատը, դա ևս կանխատեսելի էր, որովհետև այդ մարդը պատգամավոր է, իսկ ավագանին պաշտոնական աստիճանակարգում մի աստիճան ավելի ցածր է, և ուղղակի իմաստ չունի դնել պատգամավորական մանդատը ու գնալ լինել ավագանու անդամ։ Այլ հարց է, եթե ինքը կարողանար ընտրվել քաղաքապետ, այդ դեպքում գուցե դներ պատգամավորական մանդատը։ Ես, ճիշտն ասած, մի փոքր համաձայն չեմ այն համակարգի հետ, որը գործում է՝ իհարկե, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում: Սակայն այդ համակարգը, կարելի է ասել, մանիպուլյացիոն է, որովհետև մենք շատ դեպքերում ենք տեսնում, որ հայտնի մարդիկ, առավել ևս մեր քաղաքական դաշտի նման  անձնավորված քաղաքական դաշտում, գլխավորում են ցուցակներ, հետո դնում են մանդատները, և դրանից հետո այլ մարդիկ են գնում և ներկայացնում՝ ընդհուպ խորհրդարանում»,- ասաց քաղաքագետը։


Վերջինս նշեց, որ մյուս կողմից էլ՝ սա օրենքով է և Հայաստանի քաղաքական դաշտի առանձնահատկություններից մեկը, ինչի հետ ստիպված ենք հաշվի նստել։


Քաղաքագետի խոսքով՝ այնպես չէ, որ ամսի 16-ին ամեն ինչ հստակ է, և բոլոր գործընթացները գնալու են այնպես, ինչպես ենթադրվում է, բայց ամենամեծ հավանականությունն այն է, որ քաղաքապետ կընտրվի Վարդան Ղուկասյանը, իսկ դրանից հետո պետք է որոշակի լարվածություն սպասել Գյումրու իշխանությունների և Հայաստանի կենտրոնական իշխանությունների փոխհարաբերություններում։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան