Անթալիայի դիվանագիտական ֆորումը Հայաստանին հնարավորություն
է տալիս իր անմիջական հարևանությամբ գտնվող երկրների հետ ունենալ ընդհանուր հարթակ,
շփվել, բանակցել, զրուցել, ինչը շատ կարևոր է։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Նա կարևորեց նաև երկկողմ շփումները հարևան երկրների
արտգործնախարարների հետ, որոնց հետ Հայաստանը բարդ հարաբերություններ ունի։ «Այս պահի
դրությամբ շոշափելի ձեռքբերումներ չկան, սակայն այն, որ խոսակցությունը շարունակվում
է, վատ ազդակ չէ։ Հարևանների հետ խոսելը վկայում է այն մասին, որ զենքերը լռում են,
և դիվանագիտությունն է գալիս առաջին պլան»։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝
Ջուլհակյանն ասաց, որ չնայած թուրքական կողմը դա կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների
հետ, սակայն թուրք հասարակության մեջ վերաբերմունքի փոփոխություն է նկատվում Հայաստանի
նկատմամբ։
«Խորհրդարանական տարբեր հարթակներում թուրք գործընկերների
հետ շփումներից ինքս տեսնում եմ վերաբերմունքի փոփոխություն։ Նաև թուրք գործընկերներն
են հաճախ դրա մասին խոսում՝ նշելով, որ թուրք հասարակության մեջ էլ է Հայաստանի վերաբերյալ
փոփոխություն տեղի ունեցել»,- ասաց Ջուլհակյանը՝ վկայակոչելով տարբեր սոցհարցումներ,
որոնք ցույց էին տալիս, որ թուրքերը, որքան էլ զարմանալի թվա, Հայաստանը դիտարկում
էին որպես սպառնալիք, բայց Թուրքիայի աղետալի երկրաշարժի ժամանակ Հայաստանի կողմից
ուղարկված հումանիտար օգնությունից հետո հասարակության մեջ ընկալումների փոփոխություն
է եղել։ «Սա շատ կարևոր է, քանի որ քաղաքական ղեկավարությունը շատ հաճախ իր քաղաքականությունները
մշակում է նաև հասարակության կարծիքը հաշվի առնելով։ Ընկալման այդ փոփոխությունները
մենք տեսնում ենք, և կարծում եմ, որ դա վաղ թե ուշ ազդելու է ղեկավարության կողմից
մշակվող քաղաքականությունների վրա։ Հայաստանը պետք է անհոգնել շարունակի փորձել հարաբերությունները
կարգավորել իր երկու հարևանների հետ, որոնց հետ ունի բարդ հարաբերություններ»,- ասաց
պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան