Ադրբեջանը փորձում է դուրս գալ Թուրքիայի «պատրոնաժից», պայմանագիրն էլ չստորագրելով՝ նոր բան պոկել ՀՀ-ից. Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովում հնչած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Բաքուն ամենևին էլ չի ձգտում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Civic.am-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ կողմերի դիրքորոշումներում հրապարակային մակարդակում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. «Մոտավորապես մեկ ամսվա  կտրվածքով արձանագրված միակ փոփոխությունն այն է, որ համաձայնեցված է խաղաղության պայմանագրի տեքստը, բայց ադրբեջանական կողմը չի հրաժարվել իր նախապայմաններից, ավելին՝ ի հայտ են գալիս թաքնված պահանջներ, այդ թվում՝ Նախիջևանին կապող ճանապարհի կամ, ինչպես իրենք են ձևակերպում, «միջանցքի» հետ կապված»։


Մեր զրուցակցի դիտարկմամբ՝  նույնն են նաև հայկական կողմի պատասխանները: «Միակ նոր հրապարակային առաջարկը զուգահեռ երկու փաստաթղթի ստորագրումն է՝ Մինսկի խմբի լուծարման և խաղաղության պայմանագրի վերաբերյալ»,-նկատեց փորձագետը։


Պետրոսյանի խոսքով՝ այսօր չկան այնպիսի երկրներ, որոնք ռեալ ճնշում են բանեցնում Ադրբեջանի վրա՝ պայմանագիրը ստորագրելու համար։ Ըստ նրա՝ նման հնարավորություն ունեն Թուրքիան ու ԱՄՆ-ն, սակայն Թուրքիան այս պահին չի շտապում նման բան անել, իսկ ԱՄՆ-ի համար  հարցը առաջնահերթ չէ։


Փորձագետը նշեց, որ այս պահին հարթ չեն նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունները, և նկատելի է, որ Բաքվին դուր չի գալիս այն փաստը, որ Թուրքիան փորձում է ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակը ներկայացնել որպես համատեղ աշխատանքի արդյունք. «Վերջին շրջանում մենք տեսնում ենք որոշակի խնդիրներ։ Ադրբեջանը ցանկանում է  ազատվել Թուրքիայի «պատրոնաժից» ու ավելի ինքնուրույն խաղացող դառնալ, իսկ դա չի բխում Թուրքիայի շահերից։ Թուրքիային պետք է Ադրբեջան, որն իր վերահսկողության տակ է ու առաջ է մղում Թուրքիայի շահերը։ Այսօր Թուրքիային էլ ձեռնտու չէ Ադրբեջանի գերակայությամբ ճանապարհի տրամադրումը»,-ասաց նա։   


Պետրոսյանի դիտարկմամբ՝ «միջանցքի» ճանապարհի տրամադրումն այսօր ձեռնտու է միայն Ադրբեջանին, բայց Բաքուն միայնակ դրան հասնել չի կարող։ Նա նշեց, որ Ադրբեջանը չի շտապում գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, փաստաթղթի ստորագրման՝ փորձելով Հայաստանից պոկել առավելագույնը: «Ուստի Ադրբեջանի նպատակն է չեզոքացնել նաև ցանկացած դրական միտում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Այս պահին Ադրբեջանը փորձում է մաքսիմալ ճնշում գործադրել Թուրքիայի վրա։ Ադրբեջանի պատվիրակությունն Անթալիայի ֆորումի մասնակիցներից ամենամեծն էր։ Վստահ եմ՝ բոլոր բանակցություններում փորձել են իրենց ուղերձները հասցնել թուրքական կողմին։ Անգամ Սիրիայի նախագահի հանդիպմանը Ադրբեջանի նախագահի ուղերձներն այդ նպատակն ունեին։ Այս պահին նրանք փորձում են անել ամեն ինչ, որ հանկարծ Թուրքիան Հայաստանի ուղղությամբ մի դրական քայլ չանի»,- եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում