ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ զրուցել ենք արցախահայերի վերադարձը բանակցությունների
օրակարգ դարձնելու վտանգների և այլ հարցերի
շուրջ։
Մեր զրուցակիցը նշեց, որ սա Ադրբեջանը
միանշանակ կօգտագործի և կօգտագործի մի քանի առիթով. նախ՝ կասի, որ դուք տարածքային
նկրտումներ ունեք իմ երկրի նկատմամբ, որն իրենք չունեն, և երկրորդ՝ կասի՝ դե ուրեմն
ես էլ մի քանի հարյուր հազար ադրբեջանցի եմ ուզում վերադարձնել ձեր բնակավայրեր:
«Ես կարծում եմ, որ մեր քույրերն
ու եղբայրները սա պետք է լավ գիտակցեն և իրենց ապագան կապեն ՀՀ-ի հետ, ինչքան էլ որ
ցավալի է, որ նրանք կորցրել են իրենց հայրենիքը, որը ոչ մեկը չի կարող հերքել և ասել,
որ դա իրենց հայրենիքը չէ: Իհարկե, դա եղել է իրենց հայրենիքը, բայց հանգամանքների բերումով և հատկապես վերջին հանգամանքների բերումով, երբ իրենց կողմից ընտրված,
հետո էլ տեղում ինչ-որ իշխանափոխություններ
իրականացրած քաղաքական առաջնորդները փաստացի ոչ միայն որևէ քայլ չարեցին՝ ապահովելու իրենց ժողովրդի ապրուստը իրենց հայրենիքում, իրենց բնօրրանում, այլև արեցին
հակառակ քայլեր, և արդյունքում ըստ էության ունեցանք այս ողբերգական իրավիճակը՝ հայրենիքի
կորուստը։ Հիմա երկու տարբերակ կա. կա՛մ անվերջ փորձել էդ սխալն ուղղել, որը հնարավոր
չի լինելու, և չկենտրոնանալ այսօրվա իրավիճակի, իրական Հայաստանի և իրենց ամեն ինչ
տվող հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության վրա, կա՛մ փորձել սխալներից դասեր քաղել,
նույն սխալները չկրկնել և կենտրոնանալ այստեղ իրենց ապրուստը կազմակերպելու վրա, ինչը
մեր կառավարությունն ուզում է անել 100 տոկոսով»,-
ասաց պատագամավորը։
Խոսելով նաև Սերժ Սարգսյանի ելույթի մասին, որի ժամանակ նա խոսել է՝ «դուք բերեցիք
Նիկոլին» թեզի, մեկ գիշերում Մաքսային միությանը միանալու, իշխանափոխության և ներկայիս իշխանություններին պատժելու
մասին, պատգամավորն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը իշխանության բերեց
ՀՀ քաղաքացին, ժողովուրդը, և իհարկե ինքը չի ուզում ընդունել, որ իր կառավարությունը,
իր ղեկավարած տասը տարիները, մինչև էդ եղած կառավարության ըստ էության վերջին 20 տարիներն
այնքան աղետալի էին հայ ժողովրդի համար, որ հայ ժողովուրդը պարզապես հարյուր հազարներով
գյուղ, քաղաք ու խաչմերուկ չկար, որ փակած չլիներ։
«Այնքան զզված էր էդ կառավարությունից,
որ դուրս եկավ փողոց և ասեց՝ մենք մերժում ենք ձեզ, «Մերժիր Սերժին»: Ասում ա՝ մենք
ընդունում ենք մեր սխալը, դե պարզ սխալն ընդունիր, ասա՝ քսան տարի սխալ ենք կառավարել։
Ասա՝ էնքան սխալ ենք կառավարել, որ ամբողջ հայ ժողովուրդը վեր է կացել ու մեզ հեռացրել
է իշխանությունից և բերել է հեղափոխական իշխանություն, որը հետո ընտրությունների միջոցով
ընտրվել է»,- ասաց Արսեն Թորոսյան։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան