Գյումրեցին երբեք այս քայլը Մարտուն Գրիգորյանին չի ներելու. Ալխաս Ղազարյան

Գյումրի համայնքի նորընտիր ավագանին համայնքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 18 անդամ: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ավագանու առաջին նիստին չէր մասնակցում։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։

«Ինչ եղավ մինչև ընտրությունները. երեք քաղաքական ուժեր ամբողջ քարոզարշավի ընթացքում, ինչքան էլ որ նրանց քարոզարշավները տարբեր բնույթ էին կրում, չէին դադարում անընդհատ կրկնել, որ քաղաքացու քվեն ծառայելու է իրենց նպատակին, իրենք պահելու են իրենց քվեները և ոչ մեկին չեն տալու, և արդյունքում նկատեցինք, որ խաբեցին գյումրեցուն, քվե կորզեցին և, ի հեճուկս գյումրեցու կամքի, ձևափոխեցին, առքուվաճառքի դուրս եկան և ընտրեցին իրենց թեկնածուին»,- ասաց պատգամավորը։


Նա նշեց, որ Մարտուն Գրիգորյանը, որն այսօր իր որդուն անգամ չթույլատրեց մասնակցել նիստին, այնուամենայնիվ պատասխանատվություն կրելու է հետագա  բոլոր գործընթացների համար, նա դավաճանեց իր թիմին, դավաճանեց իրեն քվե տված գյումրեցուն, որի հետևանքով այսօրվանից հետո նա կորցնում է իր դեմքը որպես քաղաքական կերպար, և ոչ միայն ինքը, այլև մնացած երկու ուժերը նույնպես։


Խոսելով այն մասին, որ այսօր Վարդան Ղուկասյանին կողմ քվեարկած Մարտուն Գրիգորյանի թիմի անդամը հայտարարել է, թե իրենք Վարդան Ղուկասյանի հետ ի՞նչ կապ ունեն, պատգամավորն ասաց. «Իրենք հասկանում են, որ ամոթալի է, իրենք հասկանում են, որ մեծ պատասխանատվության տակ են մտել։ Այդքան բարձր գոռացող Մարտուն Գրիգորյանը, որ ոչ մի առիթ բաց չէր թողնում կրկնելու, որ երբեք չի տա իր ձայները Վարդան Ղուկասյանին, այսօր իր թիմը ձայները տվեց Վարդան Ղուկասյանին և սարքեց քաղաքապետ, ո՞նց է սրանից հետո Գյումրի մտնելու։ Այս առումով էլ պետք է  շատ լուրջ մտածել, որովհետև գյումրեցին երբեք այս քայլը Մարտուն Գրիգորյանին չի ներելու»,- նշեց պատգամավորը։


 Մանրամասն՝ տեսանյութում  

Լիլիթ Թադևոսյան