Քննարկվել է Նիդերլանդների հելսինկյան կոմիետի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրային համագործակցությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ապրիլի 16-ին ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Յուրի Բուհրեր Թավանիերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանը և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գայանե Հովակիմյանը։


 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները, ինչպես նաև շեշտադրել քաղհասարակության կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը։


 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նիդերլանդների հելսինկյան կոմիետի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրային համագործակցությունները, Հայաստանում քաղհասարակության կազմակերպությունների դերը, խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, ներկայումս առկա խնդիրները և իրականացվող աշխատանքները։



 

Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացների, իրազեկման աշխատանքների, ուսումնաճանաչողական այցերի նշանակությանը և շարունակականության անհրաժեշտությանը։


 

Քննարկվել են նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները:


 

Իրենց հերթին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։


 

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակելու պատրաստակամություն են հայտնել։