Վարդանղուկասյանները Կրեմլի զինվորիկ են՝ ՀՀ-ի դեմ տարվող հիբրիդային պատերազմի համար

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի կարծիքով՝ Գյումրու ընտրությունների  նշանակությունը պետք չէ ֆետիշացնել: Civic.am-ի հետ զրույցում Ադամյանը կարծիք հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի հայտարարությունները պետք է անտեսել, որովհետև նա ընդամենը Հայաստանի քաղաքներից մեկի քաղաքապետն է և ոչ Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշողը: «Վարդանղուկասյանները պարզապես Կրեմլի կողմից Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի զինվորիկներ են»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ադամյանի  խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն այսօր Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ են վարում՝Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնելու և վերջնարդյունքում իրենց ենթարկեցնելու համար: «Իրավիճակը պետք է հստակ ախտորոշենք, որ բուժենք։ Հանդուրժելո՞ւ ենք հինգերորդ շարասյան գոյությունը, մեր ներսի տրոյական ձիերին»,- հարցադրում արեց մեր զրուցակիցը։


Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթի մասին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ դա ելույթ էր վերադարձի մասին։ Միևնույն ժամանակ Ադամյանն ասաց, որ ՀՀԿ-ն դադարել է լինել այն կուսակցությունը, որը էական նշանակություն ուներ Հայաստանի քաղաքական դաշտում Վազգեն Սարգսյանի օրոք։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գաղափարախոսության փոփոխություն, ոչ թե կուսակցության անվան կամ լիդերի։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում