ՍԴ հստակ որոշումը կարող է ազդակ լինել այս մարդկանց համար. լավ կլինի ապօրինի գույքի մասով հաշտության գնան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ զրուցել ենք ՍԴ-ի հրապարակած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի գործով որոշման,  այդ օրենքի հետ կապված ընդդիմադիրների ագրեսիվ պահվածքի մասին։


«Ես պետք է նախ հիշեցնեմ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը մենք ընդունել ենք ուղիղ 5 տարի առաջ, և ընդունման գործընթացն էլ ուղեկցվում էր հենց ագրեսիվ պահվածքով և ագրեսիվ հռետորաբանությամբ։ Ես հիշում եմ, որ դարակազմիկ աղմուկ էր բարձրացել այս նախագծի քննարկման ընթացքում, շանտաժներ, և չնայած էդ ամեն ինչին՝ բնականաբար մենք չենք ընկրկել և հեղափոխության ժամանակ մեր ստանձնած կարևորագույն հանձնառություններից մեկը կյանքի կոչելու նպատակով այդ օրենքի նախագիծը ընդունեցինք»,- ասաց պատգամավորը։ 


Նա նշեց, որ հետևելով դատախազության հաղորդագրություններին՝ կարող ենք տեսնել, որ խորհրդարանում այս պահին աշխատող պատգամավորների հետ կապված նախաձեռնված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց, և հասկանալի է, որ նրանք ամենաբարձրը պետք է աղմկեն, որովհետև իհարկե այդքան էլ հաճելի չէ «քրտինքով» այդքան կուտակած հարստությունը օրենքի շրջանակներում կորցնելը։


«Եվ անմիջապես պատգամավոր դառնալուց հետո մեր ընդդիմադիր գործընկերները նախաձեռնեցին ՍԴ դիմելու պրոցեսը, դիմեցին ՍԴ, և արդեն մի քանի տարի է, ինչ մենք սպասում էինք ՍԴ որոշմանը։ Իրականում ես չէի էլ կասկածում, որ որոշումն այսպիսին է լինելու, որովհետև եթե չունենայինք համոզմունք, որ նախագիծն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրությանը, բնականաբր մենք չէինք ընդունի։ Ընդ որում, հատկանշականն այն է, որ մեր ընդդիմադիր գործընկերները վիճարկում էին ոչ թե օրենքի առանձին դրույթներ, առանձին հոդվածներ, ինչը նորմալ կլիներ, այլ՝ ամբողջ օրենքը»,- նշեց պատգամավորը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան