Նախորդ օրը Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց՝ համաձայն որի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանում ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալվել են թաղապետարանի աշխատակիցներ: Քննչական գործողություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
2 աշխատակից է ձերբակալվել։ Տեղեկություններ ստացանք, որ նրանցից մեկին է մեղադրանք ներկայացվել՝ կաշառք տալու և ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Մյուս աշխատակցին մեղադրանք չի ներկայացվել։ Թաղապետարանի աշխատակիցը Civic.am-ի տեղեկությունների համաձայն՝ թաղապետարանում աշխատում է վաղուց, հանդիսանում է նախկին թաղապետ Արմեն Սարգսյանի սանիկը։ Հերթական անգամ համոզվում ենք, որ մինչ հեղափոխությունը պետական և համայնքային կառույցներում աշխատող տարբեր կալիբրի աշխատակիցները այդպես էլ չօգտվեցին ընձեռված հնարավորությունից՝ մի կողմ թողնել նախկին բարքերը ու աշխատել օրենքի ու օրինականության շրջանակներում։
Վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն այսօր գործակարգավարական նիստի ժամանակ ասաց, որ անգամ եթե իրավապահ կառույցները օպերատիվ տեղեկություններ չստանային ու քննչական գործողություններ չիրականացնեին, միևնույնն է չէր կարող երկար թաքուն մնալ կոռուպցիոն դեպքը, քանի որ աշխատակիցների տարածքները պարբերաբար փոփոխվում են, ամսական կամ եռամսյակային պարտադիր ստուգումներ են տեղի ունենում։
Վովա Հակոբյան