Սահմանադրական դատարանը երեք կարգի որոշում կարող է ընդունել՝ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանն ամբողջությամբ, համապատասխանում է՝ մեկնաբանության շրջանակներում, և չի համապատասխանում Սահմանադրությանը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Պատգամավորը նկատեց, որ խորհրդարանական
ընդդիմությունը, առանց հաշվի առնելու իրավակիրառ պրակտիկան, դիմել է ՍԴ՝ ամբողջ օրենքը
Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։
«ՍԴ-ն, ըստ էության, օրենքի երկու
կարգավորումների է անդրադարձել, որոնք վերաբերում են պաշտոնատար անձի կողմից նախկինում
ձեռք բերված գույքին և քրեական հետապնդման առկայությանը՝ որպես հիմք այլ վարույթներ
իրականացնելու համար, ու արձանագրել, որ մնացած հարցերը կարող են ի հայտ գալ կամ դրանց
սահմանադրականությունը կարող է վերլուծվել միայն կոնկրետ սահմանադրական վերահսկողության
շրջանակներում»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Ընթացքում եթե ծագեն այլ հարցեր,
Սահմանադրական դատարանը դուռը չի փակում անհատների առջև։ Նրանք, ըստ Վարդանյանի, կարող
են վիճարկել այլ նորմերի սահմանադրականությունը ՍԴ-ում։
«Ունենք ՍԴ որոշում, որը հակասահմանադրական
չի ճանաչել ո՛չ ապօրինի ծագում ունեցող գույքի ինստիտուտը, ո՛չ օրենքը։ Մեկնաբանել
է երկու խումբ կարգավորումներ, մեկնաբանել է այն իմաստով, որ հստակեցրել է ձևակերպումը։
ՍԴ-ն, ըստ էության, կանաչ լույս է վառել ուսումնասիրության մեջ գտնվող վարույթների
հետագա ընթացքի համար»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան