Պաշտպանության նախարարի օգնականը դատի է տվել օրաթերթին և հերքում, փոխհատուցում է պահանջում

ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Արմեն Ղալեչյանը ապրիլի 24-ին  քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և պահանջում է պարտավորեցնել պատասխանողին  2025 թվականի մարտի 29-ին hraparak.am ինտերնետային կայքում հրապարակված «ՊԱՊԻԿՅԱՆԻ ԱԶԱԲ ԲԱՇԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ» վերտառությամբ հոդվածի մասով հրապարակել հերքում հետևյալ բովանդակությամբ՝ ««ՊԱՊԻԿՅԱՆԻ ԱԶԱԲ ԲԱՇԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը հերքում ենք, քանի որ այն իրականությանը չի համապատասխանում»:  Հայցվորը պահանջել է նաև պատասխանող ««Հրապարակ» օրաթերթից  հօգուտ Արմեն Ղալեչյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ որպես անձի պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին վիրավորանքով հասցված վնասի փոխհատուցման գումար։  «Պատասխանող «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ից հօգուտ Արմեն Ղալեչյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ որպես անձի պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին զրպարտությամբ հասցված վնասի փոխհատուցման գումար։  Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը և մատուցված փաստաբանական ծառայությունների համար փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը»։


Նշենք, որ Արմեն Ղալեչյանը մարտի 29-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ  «hraparak.am-ը, lurer.com-ը, news.am-ը, sputnik.am-ը yerevan.today-ը և մի շարք ԶԼՄ-ներ, իրար հղում անելով, ապատեղեկատվություն են տարածել: Նրանք պնդում են, թե ես չեմ ծառայել բանակում:  Ես՝ Արմեն Ղալեչյանս, ծառայել եմ ՀՀ զինված ուժերի N զորամասում (2008-2010-ին): Եթե այս սուտ տեղեկությունը հրապարակավ չհերքեք, ապա դա կպահանջեմ դատական կարգով։ Ի դեպ, ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացին մասնակցում եմ որպես ՊՆ նախարարի օգնական: Այսինքն, հանձնաժողովում ներգրավված եմ որպես նախարարի ներկայացուցիչ: Հետո, որ անձական տվյալներս փորփրելիս չխճճվեք, օգնեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ 2017 թ.-ից: ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայր լինելս ո՛չ արտոնություն է դիտարկվում, ոչ էլ «գեներալներին հսկողի» առանձին հաստիք է իջեցվել: Կատարում եմ օրենքով ինձ վերապահված գործառույթները»:


Արմեն Ղալեչյանը ՀՀ պաշտպանության նախարարի օգնականն է 03.03.2025թ.-ից։