Ապրիլի 28-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը համատեղ քննարկում էին կազմակերպել՝ ուղղված հանրային խոսույթում ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով լրատվամիջոցների և պետական կառույցների միջև կապի ամրապնդմանը։ Աշխատաժողովի նպատակն էր ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ՝ վեր հանելու ոլորտում առկա խնդիրները, խթանելու պետական մարմինների և լրատվամիջոցների գործակցությունը եվրոպական լավագույն փորձի կիրառմամբ, նվազեցնելու հանրային միջավայրում ատելության խոսքի դրսևորումները։ (Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից համաֆինանսավորվող և ԵԽ-ի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի «ԳԼԿ III. Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում): Աշխատաժողովի մասնակիցներից էր նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը, որին civic.am-ը քննարկումից հետո մի քանի հարց հղեց։ Նորություն չէ, որ վերջին առնվազն երկուսուկես տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիրախավորելու, նրանց նկատմամբ խտրական, ատելության խոսքի տարածումը խրախուսելու մեջ մեղադրվում են կառավարող ուժն ու իշխանական ԶԼՄ-ները։
- Պարոն Պարսիլյան, մասնավորապես հանրության
որոշակի խմբեր, ինչպես նաև ձեր քաղաքական օպոնենտները, բացի այն բանից, որ ձեզ մեղադրում են Արցախը Պրահայում Ադրբեջանի մաս ճանաչելու և այսպիսով
ԼՂՀ-ն հայաթափելու հարցում «Ալիևի ձեռքերին ազատություն տալու», այլև ԼՂՀ-ից բռնի տեղահանված
մեր հայրենակիցների հանդեպ ատելության արշավ
սանձազերծելու, խտրական վերաբերմունք գեներացնելու համար։ Ընդ որում, նշվում է, որ նման վերաբերմունքի ցուցաբերումը թելադրված է
ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով։ Հիմնավո՞ր են այս մեղադրանքները։
- Այս
ամբողջ պատմության մեջ մի շարք մանիպուլյացիաներ կան, ինչը փաստում է, որ գործ ունենք ոչ թե արցախցիների իրավունքների պաշտպանությամբ իրապես
զբաղվող քաղաքական սուբյեկտների, շահագրգիռ խմբերի հետ, այլ սեփական քաղաքական օրակարգը
սպասարկելու նպատակով արցախցիների խնդիրները օգտագործող, շահարկողների հետ։ Քանիցս տրվել է այն մեղադրանքի պատասխանը, թե ՀՀ-ն
2022-ին Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ըստ այդմ՝ Արցախը երբևիցե
որևէ փաստաթղթով չի էլ ճանաչվել որպես առանձին սուբյեկտ։ Եվ բացի սրանից, ինչպես քննարկման ժամանակ շեշտեցի՝
երբեմն կեղծ «դրական խտրականությունը» բերում է լուրջ խնդիրների. մենք
շատ նուրբ պետք է լինենք այս հարցում, որպեսզի արցախցիներին չվերածենք ինստիտուտի,
այսինքն՝ իրենք չառանձնանան բնակչությունից, չլինեն խոցելի խումբ։ Եվ հենց այս
համատեքստում երբ անտեղի նշվում է արցախցի լինելը, որպեսզի ստեղծվի մթնոլորտ կամ տպավորություն,
թե արցախցիները
ճնշման տակ են, սա խոսում է այն մասին, որ գնում է արցախցիների մարգինալացում։ Հասկանալի
է, թե ինչու, որովհետև եթե պետությունն ու բռնի տեղահանված մեր հայրենակիցները չունենան
պրոբլեմներ միմյանց
հետ, արցախցիների ֆակտորը
քաղաքական նպատակով շահարկել չի ստացվի։ Եվ հենց այդ
նպատակով էլ պետք է թույլ չտրվի,
որ հաշտ լինեն մեր և մեր՝ բռնի տեղահանված հայրենակիցների միջև հարաբերությունները։
- Պետությունն ի՞նչ միջոցառումներ է
իրականացնում ձեր ասած մարգինալացումը կանխարգելելու, արցախցիներին ինտեգրելու, «արցախցի»-«հայաստանցի» խնդրահարույց տարանջատումը վերացնելու ուղղությամբ։ Ի վերջո, մենք մեկ՝ հայ հանրույթ ենք՝ անկախ մեր ծննդավայրից և կեցության
վայրից։
- Սկսենք նրանից, որ կրթական
հաստատություններում, տարբեր պետական հիմնարկներում
մեր արցախցի քույրերն ու եղբայրները տեղավորվում են աշխատանքի, այսինքն՝ իրենք ինտեգրվում
են աշխատանքի միջոցով։ Բացի դրանից, սպասարկման որոշ ոլորտներում Արցախի բարբառին տիրապետող
արցախցի սպասարկողների ներառումը։ Այս ամենը հենց նրա մասին է, որ ինտեգրումը շատ ավելի
հեշտ լինի։ Հարկ է նշել շատ նուրբ մի հանգամանք էլ, որն է՝ հատուկ արցախցիների համար նախատեսված, այսպես ասած՝ առանձնացված
թաղամասեր չստեղծելը, քանի որ իրականում հանրության ցանկացած հատվածի ինստիտուտի վերածելը լավ բանի չի բերում։ Նշեմ նաև,
որ ես ինքս, որպես պատգամավոր, շատ հաճախ շրջում եմ մարզերում, հանդիպում արցախցիների
հետ, փորձում եմ կոտրել իրենց մոտ առկա, շահագրգիռ խմբերի կողմից ներարկված բացասական
նախատրամադրվածությունը իշխանության հանդեպ. իմիջիայլոց, շատ հեշտ է դա կոտրելը, քանի
որ երբ մի քիչ խորանում ես, «տակը», ինչպես ասում են, ոչինչ չկա՝ ընդամենը մի քանի րոպե է պահանջվում, որպեսզի այդ
մարդկանց հետ շատ ավելի կառուցողական, մտերմիկ զրույց ծավալենք, հասկանանք խնդիրենրը։
Սա խոսում է այն մասին, որ իրականում շատ հաճախ նրանց խաբում են, մարգինալացնում են,
որպեսզի նրանք լինեն առանձին միավոր, որոնց հետագայում շատ հեշտությամբ կարելի է օգտագործել
քաղաքական նպատակներով։
- Վերջերս մեկ այլ մտահոգիչ իրողության ականատես եղանք. օրեր առաջ ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության առջև հավաքված,
բողոքի ակցիա իրականացրած արցախցիների խումբը թիրախավորվեց որպես «Փաշինյանի աջակից», «ՔՊ-ի համակիր»,
«Սամվել Բաբայանի կողմից հովանավորվող»։ Այս թիրախավորման պատճառն այն էր, որ խումբն
իր բողոքի ձայնը հասցեագրել էր ոչ թե Փաշինյանին,
այլ՝ իրենց նախագահին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք
այս ֆենոմենը՝ մի դեպքում արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները կառավարող
ուժին են մեղադրում արցախցիներին թիրախավորելու և խտրական վերաբերմունք
ցուցաբերելու համար, մյուս դեպքում էլ նույն այդ
իրավապաշտպաններն ու նրանց սպասարկող քարոզչամեքենան թիրախավորում են արցախցիների
որոշակի խմբի՝ նրանց պիտակավորելով որպես «նիկոլականներ» և այլն։
- Այստեղ երկու կարևոր հարց բարձրացրիք՝
մեկը լրատվական դաշտի ոչ անաչառությունն է, այսինքն՝ քաղաքականացվածությունը։ Ես ասում
եմ՝ եթե կա քաղաքականացվածություն այն ոլորտում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն
է, այդտեղ տուժում են մարդու իրավունքները, այս դեպքում՝ արցախցիների իրավունքները։
Բայց միայն այս դեպքը չէ. եթե, օրինակ, իշխանական
պատգամավորն իրեն թույլ է տալիս ազգային որևէ փոքրամասնության հասցեին թեթև վիրավորանք,
կամ, ասենք, ներանձնային վեճ է տեղի ունենում պատգամավորի կամ լրագրողի միջև, դա միանգամից
ներկայացվում է որպես տվյալ ազգային փոքրամասնությանը կամ, ասենք, լրագրողական հանրույթին
թիրախավորելու միտում։ Բայց երբ հակառակ դաշտից՝ ընդդիմության ներկայացուցիչների կողմից
են լինում շատ բացահայտ, լուրջ, մտահոգիչ արտահայտություններ, այդ թվում՝ կանանց, ինչպես
նաև արցախցիների իրավունքները ոտնահարող, նաև՝ սոցիալական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ
բռնությունն արդարացնող խոսք է հնչում, էս ամեն ինչը ոչ մի ձևով չի արձանագրվում, չկա
նույն արշավը դրա դեմ։ Ենթադրենք, երբ Գյումրիի
նորընտիր քաղաքապետին հիշեցնում են «շողուլից ընկնելու և շողուլի բերելու» մասին նախկին նախագահ Ռ. Քոչարյանին վերագրվող արտահայտությունը,
նման հիշեցումը լրագրողները թեթև ծիծաղով,
հումորի տալով են արձագանքում։ Նույն Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում
բացատրում է, թե ինչ է նշանակում «շողուլից ընկնելն ու հետո շողուլի բերելը», և հետո
ասում է՝ այո, Քոչարյանը նույնն ասում էր նաև ձեր՝ լրագրողներիդ մասին։ Լրագրողները
նման հիշեցումը (https://www.facebook.com/watch/?v=994772166054168), չգիտես ինչու, նորմալ ընդունեցին։ Բայց երբ, ասենք, ՔՊ խմբակցության
պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև վեճ տեղի ունեցավ՝
հայտնի հոգևորականի խոսքին հղումով, դա մեկնաբանվեց որպես պատգամավորի կողմից լրագրողական
ողջ հանրույթի հասցեին ցուցաբերված վերաբերմունք։ Մինչդեռ «վեճը» մեկ լրագրողի և պատգամավորի
միջև էր։ Նույն սրբազանն, ի դեպ, էլի շատ վատ
կոչեր է արել՝ սկսած «բոդիշեյմինգից», երբ ծաղրում էր ոստիկաններին՝ շեշտելով նրանց
փորի մեծ լինելը։ Հավելեմ նաև լրագրողների հասցեին սեքսիստական և այլ մտահոգիչ հայտարարությունները,
որոնց վերաբերյալ, այո՛, որևէ հանդիմանություն, կշտամբանք չհնչեց նույն լրագրողների կողմից։ Խոսենք նաև մեր
գործընկեր (նախկին պատգամավոր-խմբ.) Վիլեն Գաբրիելյանի մասին. իհարկե, ինքը մաքսիմալ
պատասխանատվություն կրեց իր արարքի համար, բայց էդտեղ լրագրողական համայնքի նկատմամբ
ոտնձգություն չէր, լրագրողի գործունեության խոչընդոտում չէր, մարդը գինովցած էր, հակառակ
կողմից սադրում էին։ Էդ նույն լրագրողները եկել էին նաև մեր շտաբի դիմաց, և ես իրենց
խոսույթը ընդհանրապես չեմ ուզում մեջբերել, թե ինչեր էին խոսում։ Կա նաև հստակ մի ամբողջ հանրության վերաբերյալ
վիրավորական արտահայտության դեպք՝ երբ լրագրողը նույն Վարդան Ղուկասյանին հիշեցնում
է հայհոյելու փաստը, ինքն ասում է՝ դե լավ, ո՞ր աղջիկն է, որ հարս է գնում ու «քիֆուր»
չի լսում։ Էստեղ էլ պետք էր խիստ արձագանքել,
բայց արի ու տես, որ նման հայտարարությանը լրագրողները արձագանքեցին ժպիտով։
- Ասել է, թե՝ սիտուատիվ է ատելության, խտրական խոսքի մեկնաբանումն
ու դրան ուղղված արձագանքը։
- Այո, և սրա լուծումը մեկն է՝
մի կողմ դնել քաղաքական տարաձայնություններն ու գործել սկզբունքներով։
- Ձեր ընդդիմադիր գործընկերները համախո՞հ են ձեզ հետ՝ համատեղ
ուժերով պայքարելու ատելության, խտրական խոսքի դեմ։
- Այո, կարծում եմ։ Եթե մենք
գործենք սկզբունքներով, կհասնենք այն նպատակին, ինչին ուզում ենք, հակառակ դեպքում
անընդհատ լինելու է վեճ, շատ տեղերում՝ անսկզբունքային պայքար։ Հաջողության հասնելու համար պետք է գնալ
ուղիղ, հստակ ճանապարհով։
Հեղինե Մանուկյան