Երեկ Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ
մի նախաձեռնության շրջանակներում հանդիպել է դասախոսների և ունկնդիրների հետ, որի ժամանակ
տարբեր հայտարարություններ է արել։ Մասնավորապես, խոսելով ընդդիմադիրների համախմբման
մասին, նա նշել է. «Կոնկրետ նպատակի շուրջ,
այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել»։
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի
միջև տեղի կունենա՞ համախմբում, և նրանք արդյոք հանդես կգա՞ն միասնական թեկնածուով՝
հարցին Civic.am-ի զրուցակից, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Հասմիկ Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե, մինչ համախմբման պատեհ պահը, իսկ դա ընտրություններից
հետո է, կհայտարարեն իրենց տարաձայնությունների, իրենց վատ անձնական հարաբերությունների
մասին, տեսակետների տարբերությունների մասին և վերջում, իհարկե, կհամախմբվեն ինչ-որ
առանցքի շուրջ։ Այնպես, ինչպես արեցին Գյումրու ընտրությունների ժամանակ. հավաստիացրեցին քաղաքացիներին,
որ չեն համախմբվի, նաև դաշտ նետեցին իբրև թե իրենց հետ կապ չունեցող, բայց շատ ուղիղ
աֆիլացված մարդկանց, և ցավոք, այս տեխնոլոգիան
ունեցավ արձագանք, շատերը հավատացին, և ի վերջո
բոլորով համախմբվեցին և ունեցան նախկինի վերադարձ»։
Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաև զինամթերք ձեռք բերելու
մասին, և նրա խոսքից կարելի էր հասկանալ, որ Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ այդ բոլոր պայմանագրերն
առ ոչինչ են, մինչդեռ սկսել էր գովել ռուսական 70-80 ականների զենքերը, ՀՕՊ-ը՝ մեջբերելով, թե ինչ
է դրանցով անում ՌԴ-ն Ուկրաինայում։
Այս առնչությամբ պատգամավորն
ասաց. «Դե, մեկ Ալիևն է բողոքում մեր այժմյան զինվելուց, մեկ էլ՝ Քոչարյանը, և սա հեչ
պատահական չէ, որովհետև շատ տարբեր ասպեկտներով, հատկապես ոչ հայանպաստ դրվագներով,
նրանց խոսքը, չգիտես ինչու, միանման է լինում։ Եվ զենքի հետ կապված ևս Ալիևն էլ է բողոքում,
որ Հայաստանը զինվում է որակյալ զինատեսակներով, Քոչարյանն էլ է բողոքում դրանից՝ գովելով
ռուսական զենքը, ինչն, օրինակ, Ալիևը չի անում՝ տարօրինակաբար»,- նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան