Քոչարյանի լսարանը ՌԴ ղեկավարությունն էր, նպատակը՝ 2026-ին Մոսկվայի միջոցով իշխանության գալը

Քաղաքագետ Հրայր Մանուկյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները ուղղված էին հիմնականում Ռուսաստանի ղեկավարությանը, իսկ նպատակը՝ Մոսկվայի միջոցով 2026 թվականի ընտրություններին իշխանության գալը: «Փորձում է համոզել ռուսներին՝ տեսեք, ես ձեզանից  մեկն եմ։ Ես չեմ կարծում, սակայն, որ Ռուսաստանն այդ հզորության երկիրն է, իսկ Հայաստանն այնքան իմունիտետ չունի, որ ՌԴ-ն լուրջ բան կարողանա անել Հայաստանում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ քաղաքագետը անհրաժեշտ է համարում ԱԺ խորհրդարանական մեծամասնության կողմից հստակ  օրենսդրական նախաձեռնությունների մշակումը, օրենքների ընդունումը, որպեսզի Ռուսաստանի հնարավոր միջամտությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ չեզոքացվի. «Կամ եթե հնարավոր չլինի այդ ազդեցությունը չեզոքացնել, և Ռուսաստանը կարողանա քվեարկության արդյունքների վրա ազդել, ապա Հայաստանում լինի այն, ինչ տեղի ունեցավ Ռումինիայում։ Այսինքն՝ իրավական հստակ մեխանիզմներ լինեն, որպեսզի ընտրության արդյունքները չեղյալ համարվեն, եթե Ռուսաստանը մեծ միջամտություն թույլ տա ընտրություններին։ Ես համարում եմ, որ Հայաստանի հանրության մեջ որոշակի իմունիտետ կա Ռուսաստանի միջամտությունների հանդեպ, բայց բոլոր դեպքերում չպետք է «արխային» լինել։ Ես տպավորություն ունեմ, որ  գործող իշխանություններն այդ ռիսկերն ավելի քիչ են գնահատում, քան իրականում դրանք կան»,- նկատեց նա։

Հրայր Մանուկյանը կարծում է, որ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանն իրավիճակն ավելի ադեկվատ է գնահատում՝ համարելով, որ իշխանափոխություն  հնարավոր կլինի ընտրությունների միջոցով, հետընտրական շրջանում կոալիցիաների տարբերակով, ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ Գյումրիում։ Ըստ մեր զրուցակցի՝ Սերժ Սարգսյանի  հովանավորչությունը վայելող ուժերն այս առումով անադեկվատ են, երբ համարում են, թե իմպիչմենտի և այդօրինակ նախաձեռնությունների միջոցով հնարավոր կլինի հաջողության հասնել: «Չի կարող լինել համազգային համախմբում՝ ընդդեմ իշխանությունների։ Իրենք հոգեբանական խնդիր ունեն, երբ մտածում են՝ այդքան էլ մեծ բան չէր եղել, երբ 2018-ին իրենց մերժել են, հիմա էլ իրենք կարող են դա անել։ Իրենք կարող է հանրահավաքային շարժում սկսեն, հետո էլ մեղադրեն Ռոբերտ Քոչարյանին իրենց չմիանալու համար, որ 2026 թվականի ընտրություններից առաջ օգտագործեն Քոչարյանի դեմ։ Ես չեմ կարծում, սակայն, որ դա լուրջ հաղթաթուղթ  է լինելու իրենց ձեռքին»,- եզրափակեց նա։



Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան