Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը փորձում է հանդիպել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ՝ շեշտելով, որ նրան ասելիք ունի։ 


Աշխատակիցների մեկը Չախոյանին տեղեկացնում է, որ թաղապետը չի պատրաստվում դուրս գալ նրա հետ հանդիպմանը, իսկ այնուհետև թաղապետարանի աշխատակիցների և Արթուր Չախոյանի միջև վեճը վերածվում է ծեծկռտուքի։ 


Տեսանյութում նաև երևում է, որ ծեծկռտուքին միացել ու Արթուր Չախոյանին հարվածներ է հասցրել նաև Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ 


Երևանի քաղաքապետարանը դեռևս միջադեպի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես չի եկել։