Այսօր Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքում ծեծկռտուք հրահրած բլոգեր Արթուր Չախոյանը, ինչպես հայտնի է, նախորդ տարի այս օրերին նույնպես աչքի ընկավ խուլիգանական արարքով։ Չախոյանը, ինչպես նաև նրան ուղեկցող մի քանի անձինք, այդ թվում ավագանու նախկին անդամ Մանինա Խաչատրյանը, խոչընդոտել էին Երևանում գտնվող Հայաստանի խաղերի սպորտի և մշակույթի պալատի շենքում տեղի ունեցած հանրային միջոցառման՝ «Հայաստանի պետականակենտրոն կուսակցության» հիմնադիր համագումարի անցկացումը։ Չախոյանը կուսակցությունն անվանել էր «թուրքական», քանի որ, ըստ նրա, դրա հիմնադիրներից մեկը «Թուրքիայում բնակվող, ադրբեջանցիների հետ բարեկամություն քարոզող, Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոփ» նշանակած և հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն է»։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ըստ ՔԿ-ի. «2024թ. մայիսի 18-ին տարբեր քաղաքացիներից հաղորդումներ են
ստացվել այն մասին, որ նույն օրը մի խումբ անձինք՝ Ա. Չ.-ի գլխավորությամբ, մուտք են
գործել Հայաստանի խաղերի սպորտի և մշակույթի պալատ (Խուլ ու համրերի շենք) և «Հայաստանի
պետականակենտրոն կուսակցության» միջոցառումը խաթարելու նպատակով վիճաբանել կուսակցության անդամների
հետ։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններ, որտեղ պարզվել է, որ կոպիտ կերպով խախտելով
հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, վերոնշյալ միջադեպի
մասնակիցների կողմից միմյանց հասցեին հնչել են հայհոյանքներ, ինչից հետո ծեծկռտուք
է սկսվել, որի ընթացքում մասնակիցները հարվածներ են հասցրել միմյանց։ Ոստիկանների կողմից
միջադեպի վեց մասնակից, ինչպես նշված տարածք մտածներից, այդ թվում՝ Ա. Չ.-ին, այնպես
էլ այնտեղ գտնվողներից, ֆիզիկական ներգործություն և խուլիգանություն կատարելու հիմնավոր
կասկածով տեղափոխել են Ոստիկանության բաժին, որտեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել
է նրանց ինքնությունը»։
Նշենք, որ սույն միջադեպի փաստով հարուցված քրեական գործը նախորդ տարի նոյեմբերի
13-ին ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Սույն գործով, բացի Արթուր Չախոյանից, մեղադրանք
է առաջադրվել նաև Արթուր Սերյոժայի Գրիգորյանին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ
նա 2024 թվականի մայիսի 18-ին, ժամը
18:00-ի սահմաններում վերոհիշյալ հաստատությունում
Արթուր Սերյոժայի Գրիգորյանի հետ խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որի ընթացքում Չախոյանը հարվածներ է հասցրել Նորայր Աշոտի Մելքոնյանին՝
վերջինիս առողջությանը պատճառելով թեթև ծանրության վնաս»։ Սույն գործով արդեն իսկ մի քանի դատական նիստ է կայացել,
դատական առաջիկա նիստն էլ նշանակվել է մայիսի 15-ին։