Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործի նախաքննությունն ավարտվել է, այն կուղարկվի դատարան. Արթուր Նահապետյան

Հայաստանի Հանրապետությունում չկա համակարգային կոռուպցիա, կան կոռուպցիոն առանձին դրսևորումներ, որոնց դեմ նույնիսկ համակարգն է պայաքարում՝ տարբեր իրավական մեխանիզմների, գործիքակազմերի միջոցով:


Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:


Արթուր Նահապետյանը նաև մանրամասնեց՝ թե ինչ փուլում է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Մարտուն Գրիգորյանի հոր և որդու ձերբակալության գործը:


«Վարույթը նախաձեռնվել է բարեգործության արգելքի խախտման դեպքի հատկանիշներով, որի շրջանակներում նաև այլ անձինք էլ էին ձերբակալվել: Վարույթով նախաքննությունն ավարտվել է և այս ամսվա սկզբին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, որպեսզի հաստատի մեղադրական եզրակացությունը և այն ուղարկի դատարան:


Այդ վարույթով ընդհանուր առմամբ ունենք 3 մեղադրյալ, որոնց մասով նախաքննությունն ավարտվել է»,- ասաց Նահապետյանը:


Ինչու Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ձերբակալվեցին և ազատ արձակվեցին:


Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, իրականում նախաքննական մարմինն է միջնորդել դատարանին, որպեսզի այդ անձանց նկատմամբ կիրառվեն անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Դատարանն էլ բավարարել է նախաքննական մարմնի միջորդությունները:


Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 27-ին Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին բերման էին ենթարկվել, այնուհետ ձերբակալվել:


Մարտի 28-ին երկուսն էլ ազատ էին արձակվել: