Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից իմպիչմենտի գործընթաց սկսելու՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու, դրա իրավաքաղաքական նախադրյալների և հարակից այլ հարցերի վերաբերյալ civic.am-ը զրուցել է իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։
- Արտախորհրդարանական ակտիվիստներ՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Ձեր երբեմնի
կոլեգա Էդգար Ղազարյանն ու ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը Նիկոլ
Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկով են հանդես եկել, մինչդեռ վարչապետի թեկնածուի անուն չեն շտապում նշել։ Վարչապետի թեկնածու
չառաջադրելը Սահմանադրության պահանջի շրջանցում չէ՞։
- Անշուշտ։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում ամրագրվեց կոնստրուկտիվ անվստահության
քվեի ինստիտուտը, ինչը նշանակում է, որ բացի վարչապետին անվստահություն հայտնելուց՝
պետք է նաև միաժամանակ միևնույն առաջարկի մեջ նշվի այն թեկնածուի անունը, որին նախաձեռնողը
տեսնում է վարչապետի պաշտոնում։ Հակառակ պարագայում այդ առաջարկն անվավեր է, հակասում
է Սահմանադրությանը և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին։
- Հաշվի առնելով սահմանադրական կարևոր պայմանի՝ վարչապետի թեկնածուի բացակայությունը,
չի՞ ստացվում, որ սույն նախաձեռնության հեղինակներն իրականում շահագրգռված չեն անվստահության
գործընթացի իրագործմամբ, ընդամենը լծված են քաղաքական շոու բեմադրելուն։
- Այս գործընթացի մոտիվների մասին դրա նախաձեռնողները պետք է ասեն, ես կարող եմ
մի բան միայն ասել՝ ԱԺ պատգամավորները, ենթադրում եմ, պետք է ունենան նվազագույն իրավաբանական գիտելիքներ սահմանադրական
իրավունքից և Սահմանադրությունից, որպեսզի գիտակցեն իրենց քայլի սահմանադրաիրավական
հետևանքները։ Ես կարող եմ ասել, որ սա առ ոչինչ
գործընթաց է ի սկզբանե, քանի որ Սահմանադրության պահանջներին ընդհանրապես չի համապատասխանում։
Ակնհայտորեն այս պրոցեսն ունի քաղաքական մոտիվ։ Քաղաքական գործընթացը, բացի իրավական
բաղադրիչից, ունի նաև մրցակցայնության բաղադրիչ։ Եվ հաշվի առնելով, որ առջևում ԱԺ ընտրություններն
են, սա կարող ենք տեղավորել նաև որոշակի նախընտրական դիրքավորման և ժողովրդի հետ կոմունիկացվելու
ինչ-որ եղանակ փնտրելու մեջ։ Յուրօրինակ եղանակ է, բայց կարծես թե դա է։
- ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, ինչպես հայտնի է, այս գործընթացը համարել է իրեն
թիրախավորելու միտում ունեցող, նաև հավելել՝ առանց փողոցում ձևավորված համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքն ավելի ադեկվատ ու շրջահայաց է, քան Սերժ Սարգսյանի արտախորհրդարանական
պրոտեժեները։
- Որպես իրավաբան՝ չէի ուզենա մտնել քաղաքական մոտիվացիաների դաշտ։ Բոլոր պարագաներում,
քանի որ չկա վարչապետի այլընտրանքային թեկնածու, դա նշանակում է, որ ի սկզբանե գործընթացը
սահմանադրական հունից դուրս է եկել և վերածվել է պարզապես ընթացիկ քաղաքական իրադարձության։
- Պարոն Խալաթյան, կարևոր մի հարց էլ կա՝ արդյոք
առկա՞ են վարչապետին անվստահություն
հայտնելու սոցիալ-քաղաքական նախադրյալներ։ Նկատենք (ի զարմանս հանրության)՝ ընդդիմությունն
այս տարի փողոցային պայքար չի սկսել, այսինքն՝
համաժողովրդական պրոցես առկա չէ, որի ճնշման ներքո էլ պիտի փորձեին գլուխ բերել
սույն նախաձեռնությունը։ «Հայաստան» խմբակցության
ղեկավարն օրերս նույնիսկ անկեղծացավ՝ առկա չեն իմպիչմենտի նախադրյալներ։
- Վարչապետին անվստահություն հայտնելը՝ որպես
իրավաքաղաքական ինստիտուտ, սնվում է երկու աղբյուրից՝ պետք է ունենա ձևական լեգիտիմություն,
այսինքն՝ պետք է ապահովել Սահմանադրությամբ նախատեսված հիմնական պայմանները, ինչի մասին
արդեն իսկ խոսվեց՝ բացի անվստահություն հայտնելուց, պարտադիր է նաև այլընտրանքային
թեկնածուի առաջադրումը, ինչը այս պահին առկա չէ։ Այս պայմանի չկատարումը ընթացակարգային առումով արդեն իսկ հանգեցնում է
պրոցեսի առ ոչինչության։ Երկրորդ՝ քաղաքական մասով պետք է նշել, որ վարչապետին անվստահություն
հայտնելը պետք է ունենա հստակ սոցիալ-քաղաքական
նախադրյալներ, որոնք պետք է լինեն բավականին չափելի և տեսանելի։ Որպես կանոն՝
միջազգային պրակտիկայում վարչապետին անվստահություն է հայտնվում ինչ-որ շրջադարձային
քաղաքական իրադարձության հետ կապված, արմատական քաղաքական փոփոխություններով պայմանավորված,
որոշակի՝ գուցե արտածին հանգամանքների բերումով։ Բայց պետք է լինի հստակ
կատալիզատոր՝ նման գործընթաց ծավալելու համար։ ՀՀ-ում նման որևէ նախադրյալ գոյություն
չունի։ Հետևաբար զուտ վարչապետին անվստահություն հայտնել, որովհետև ընդդիմությունը
չի կիսում իշխող քաղաքական ուժի և դրա ղեկավարի մոտեցումները, քաղաքագիտական և իրավագիտական
առումով թույլ և չհիմնավորված մոտեցում է։ Ակնհայտ է, որ ընդդիմության տեսակետները
պետք է իշխանության տեսակետների հետ չհամընկնեն,
բայց դա չի նշանակում, որ դու կարող ես պարտադիր անվստահության գործընթաց նախաձեռնել, ինչը խորհրդարանում առկա քաղաքական խճանկարի պայմաններում
ենթադրում է նաև իշխող քաղաքական ուժի պատգամավորների աջակցությունը։ Այսինքն՝ սա մի
բարդ իրավաքաղաքական գործընթաց է, որի համար, ինչպես նշեցի, բացակայում են նախադրյալները։
Այս համատեքստում, եթե դրան էլ գումարենք այն, որ գործընթացի ձևական լեգիտիմությունը
չի ապահովվում, դա վերածվում է քաղաքական շարքային իրադարձության, որը գուցե պայմանավորված
է որոշակի քաղաքական հաշվարկներով, քաղաքական PR քայլերով։ Սա ես ավելի շատ դիտարկում
եմ նախընտրական մարտավարության շրջանակներում։
Բնականաբար, այս համատեքստում քաղաքական ուժերն ազատ են ինքնադրսևորվելու հարցում,
եթե չեն խախտում ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։
- Նկատենք, որ իշխանափոխության հարցի վրա սևեռված ԱԺ ընդդիմությանն իր գործունեության անցած մոտ չորս
տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց իշխող ուժից գոնե չորս պատգամավորի «հեղափոխել»
կամ «պոկել» իրենց «գրանդիոզ» պլանն իրագործելու
համար։ 2022-ին՝ Դիմադրության շարժման օրերին, իմպիչմենտի մի կիսատ-պռատ նախաձեռնության ականատես
եղանք։ Երկու տարի անց, երբ ուժերի հարաբերակցությունն ԱԺ-ում չի փոխվել, ինչո՞ւ է
ընդդիմությունը նորից «սեփական ոտքին կրակելու» վարքագիծ դրսևորում։
- Նախ սկսեմ պատգամավոր «պոկելու» արատավոր պրակտիկայից՝ դրա վերաբերյալ ՍԴ-ն ունի
որոշում, որտեղ դիրքորոշում է հայտնել առ այն, որ համամասնական ընտրական համակարգի
պայմաններում պատգամավորներն իրենց մանդատի համար պատասխանատու են ոչ միայն ժողովրդի,
այլև կուսակցության առաջ, որովհետև կուսակցությունն է կազմում պատգամավորական ցուցակը։
Եվ միայն կուսակցության ցուցակի առաջին երեք ներկայացուցիչները, որոնք, ըստ էության,
հանդիսանում են կուսակցության «բրենդը» կամ
դեմքը, և ժողովուրդը այդ թվում հենց իրենցով պայմանավորված է ընտրում տվյալ կուսակցությանը
կամ դաշինքին, միայն նրանք կարող են դուրս գալ ֆրակցիայից, և դրանով իրենց լիազորությունները
չպետք է դադարեն որպես պատգամավոր։ ՍԴ-ն դիրքորոշում է հայտնել, որը, ցավոք, մնացել
է թղթի վրա, որ մնացած պարագաներում, այսինքն՝ 4-րդ համարից սկսած, պատգամավորները
եթե դուրս են գալիս ֆրակցիայից, նրանց մանդատի լիազորություններն ավտոմատ համարվում
են դադարեցված։ Դա կուսակցական կարգապահության և ներկայացուցչական ժողովրդավարության
համար շատ կարևոր բան է։ Ժողովուրդը ընտրում է քաղաքական ուժին այսպիսի կազմով, քաղաքական
ուժերի այսպիսի համամասնություն է ձևավորում խորհրդարանում, ուրեմն այդ համամասնությունը
պետք է մնա անխախտ՝ ԱԺ-ի լիազորությունների
ամբողջ ընթացքում։ Այսինքն՝ պատգամավոր
«պոկելու» գործընթացը, եթե ընդդիմությունը նման հռետորաբանություն է կիրառում, ցույց է տալիս մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ
նվազ հիմքերը։ Ինչ վերաբերում է ընդդիմության մնացած գործողություններին, ապա, ըստ
իս, դա նաև դասագրքային ճշմարտություն է, ընդդիմության առաքելությունն ու նպատակը իր
գործելակարգով հաջորդ ընտրություններին իր քվեների ավելացումն է։ Բայց այդ գործելակարգը
ոչ թե իշխանությանը մերժելու ձևով պետք է իրացվի, այլ՝ իշխանությանը առողջ քննադատելու
և սեփական այլընտրանքային օրակարգերը գեներացնելու, դրա շուրջ հասարակական կոնսոլիդացիա
ապահովելու։ Ընդ որում, այդ կոնսոլիդացիան պետք է ոչ թե պարտադիր փողոցային ինչ-որ
դրսևորումներ ստանա, այլ դա պետք է լինի ընտրազանգվածի ակումուլյացիա, որն իր արտահայտությունն
արդեն պետք է ստանա հաջորդ ընտրություններին։
Սա է դասական ժողովրդավարությունում ընդդիմության հիմնական խնդիրը, այսինքն՝
ընդդիմության խնդիրն ամեն օր իշխանության հրաժարականը պահանջելը չէ, քանի որ դա նեգատիվ
օրակարգ է և փաստացի ընտրողներին որևէ բան չի տալիս։ Իսկ կուսակցությունները նրա համար
են, որ ընտրողներին առաջարկեն այլընտրանքյաին
գաղափարներ և ծրագրեր։ Իսկ ես գոնե չեմ տեսել որևէ հարցի շուրջ հավաք, ծրագրային
մոտեցում, որը կարող է լինել մրցակցող իշխանության ծրագրերի հետ։ Ոչ թե որ իշխանության
ծրագրերը միշտ լավն են, խոսքն այն մասին է, որ այլընտրանքը չկա։ Ցավոք, այսօր մեր խորհրդարանի
անարդյունավետությունը որոշակի իմաստով գալիս է նաև ընդդիմությունից։ Հայաստանյան ընդդիմությունը,
արձանագրենք, մի շարք խնդիրներ ունի՝ և՛ ինստիտուցիոնալ, և՛ էթիկայի, և՛ գրագիտության։
- Պարոն Խալաթյան, վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական գործիքի
ներառումը Սերժ Սարգսյանի օրոք բարեփոխված Սահմանադրության մեջ ի՞նչ հիմնավորմամբ տեղի
ունեցավ՝ հաշվի առնելով այն սպեցիֆիկ քաղաքական համակարգը, որը ձևավորվել
էր վերջինիս պաշտոնավարման շրջանում։
- Այդ գործիքը գերմանական սահմանադրական իրավունքից է փոխառված, որը բավականին
արդյունավետ է որպես այդպիսին, թույլ է տալիս, որ ոչ թե ինչ-որ պատահական, նեգատիվ օրակարգի շուրջ համախմբված պատգամավորներ երկիրը
թողնեն առանց ղեկավարի, այլ այդ մարդիկ պետք է նաև այլընտրանքային լիդեր առաջարկեն։
Եվ եթե նրանք չեն կարողանում կոնսոլիդացիա ապահովել վարչապետի թեկնածուի շուրջ, ուրեմն
դա կտապալվի, և դա շատ լավ է։ Որովհետև եթե չկա այլընտրանքային լիդեր, ուրեմն պետք
է մնա գործող լիդերը, քանի որ պետությունը, բացի անհրաժեշտ փոփոխություններից, նաև
կարիք ունի կայունության։
Հեղինե Մանուկյան