Ձգձգումները բնական են․ Քոչարյանի ու Սարգսյանի ապօրինի գույքը հնարավոր չէր հետ բերել 1-2 տարում ու նրանց բանտարկել

Քաղաքագետ Հրայր Մանուկյանի կարծիքով՝ ապօրինի գույքը որևէ պետության կողմից հետ բերելը  հեշտ չէ«Եթե այդպես լիներ՝ աշխարհում մաֆիա չէր լինի, անօրինական միջոցներ՝ ևս, բայց նույնիսկ զարգացած երկրներում նման բաներ կան»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ Հայաստանի ինստիտուտները պատրաստ չէին 2018 թվականից հետո նման գործընթացներ իրականացնել։

 

Մանուկյանի խոսքերով՝ բնական է, որ կարող են լինել թերություններ, ձգձգումներ«Բացի այդ՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի ոչ բոլոր ներկայացուցիչներն են ազատվել աշխատանքից, այդ  համակարգում տարբեր մարդիկ պաշտոններ են զբաղեցրել նախկին իշխանությունների հետ ծանոթ-բարեկամական կապերի միջոցով, տրամաբանական է ենթադրել, որ ինչ-որ սաբոտաժի փորձեր են եղել համակարգի ներսում»,-ասաց նա։

 

Քաղաքագետը նշում է, որ  կարևոր է հանրությանը բացատրել, որ գործընթացի դանդաղության հիմքում կան հիմնավոր հանգամանքներ«Շատ մարդիկ ուզում են ամեն ինչ ու միանգամից։ Շատերը մտածել են, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գույքը կարելի է բռնագանձել 1-2 տարում ու նրանց բանտարկել։ Այսպիսի գերագնահատված ակնկալիքներ կան հանրության մի հատվածի մոտ՝ կապված նախկին իշխանությունների ունեցվածքի հետ»։

 

Թե ինչու է ընդդիմությունը դիմադրում այդ գործընթացին՝ Մանուկյանի կարծիքով ակնհայտ է«Բնականաբար նրանք հայտարարելու են, որ այն քրեական գործերը որ հարուցված են՝ ընդամենը քաղաքական հետապնդման դրսևորում է և իրենք ամեն ինչ ձեռք են բերել օրինական ճանապարհով։ Իհարկե դա աբսուրդ է, իրենց աշխատավարձը չէր կարող հերիք լինել, որ նրանք այդքան գույք ու հարստություն կուտակեին։ Ակնհայտ է չէ՞, որ Լևոն Քոչարյանը բիզնես հանճար չէր, որ եթե իր հայրը ՀՀ նախագահ չլիներ, ինքը կարողանար միանգամից այդքան հարստանալ»,-նկատեց նա։

 

Մանուկյանն արձանագրում է, որ չնայած գործընթացի դանդաղությանը՝ բավականին հիմնավոր ինտիտուցիոնալ մեխանիզմներ են ստեղծվել Հայաստանում«Հատկապես շատ կարևոր է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը մտավ Սահմանադրական դատարան և ՍԴ-ն հստակեցրեց, թե որ մասերն են համապատասխանում Սահմանադրությանը։ Այսինքն՝ այս պահի դրությամբ Հայաստանում ստեղծվել է  արդյունավետ ինստիտուտ ապօրինի գույքի բռնագանձումը մինչև վերջ առաջ տանելու համար»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան