ՀՀ ԱԺ-ում այսօր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն
աչքի ընկավ իր ոչ ստանդարտ վարքագծով՝ ԱԺ փոխնախագահ
Հակոբ Արշակյանի հետ հարցուպատասխանի ժամանակ անցնելով փողոցային դիմելաձևի։ Պատգամավորի
նման պահվածքը բորբոքեց կրքերն ԱԺ-ում ու իրարանցում
հարուցեց, Լևոն Քոչարյանին ԱԺ փոխնախագահը դուրս հրավիրեց ԱԺ դահլիճից, որոշ ժամանակ անց էլ
նախկին նախագահի որդին, «սուրը պատյան դրած»՝ լքեց ԱԺ տարածքը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը civic.am-ի հետ զրույցում ի պատասխան
հարցի՝ Լևոն Քոչարյանի նման ջղագրգիռ վարքագծի
արմատները որտե՞ղ են թաղված՝ արձագանքեց՝ «ընտանիքում»: Ապա հավելեց՝
մարդկայնորեն կարեկցում է Լևոն Քոչարյանին, քանի որ շատ բարդ է լինել Ռոբերտ Քոչարյանի
որդին։ «Բարդ է լսել այն ամենը, ինչ մենք հնչեցնում ենք ԱԺ ամբիոնից, շատ բարդ է լսել
գույքի տարբեր տեսակների այն հսկայական շարքը, որը ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում
է բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և վերջինիս ընտանիքից, որդիներից, այդ թվում՝ հենց
Լևոն Քոչարյանից։ Բարդ է լսել, որ հենց քո հոր իշխանության տարիները կոչվում է «արյունոտ
տասնամյակ», շատ բարդ է լսել «Մարտի 1-ի» իրադարձությունների մասին, շատ բարդ է առերեսվել
ճշմարտության հետ, բայց օգտակար է, և ես խորհուրդ եմ տալիս պարոն Քոչարյանին ուժ գտնել,
համարձակություն գտնել և փորձել հասկանալ արմատները, պատճառները այն վերաբերմունքի,
որը մեր հանրությունը տածում է վերջինիս հոր նկատմամբ»,-նշեց տիկին Ջուլհակյանն ու
շեշտեց՝ Լևոն Քոչարյանը խոսում է Նոր Նորքի համայնքապետարանում վերջերս տեղի ունեցած
միջադեպից, կոռուպցիայից, բայց այդպես էլ չի պատասխանում մի պարզ հարցի՝ ինչպես է եղել,
որ 22 տարեկանում ինքը ձեռք է բերել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնեմասերի
փաթեթը՝ 1 մլրդ 74 մլն դրամ արժողությամբ։ Եթե պարոն Քոչարյանը իրեն ազնվորեն համարում
է կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկ, պետք է բացահայտի՝ ինքը 22 տարեկանում որտեղի՞ց
է ունեցել այդքան գումար և ներդնելով կարողացել է գնել վերոհիշյալ ընկերության վերահսկողական
բաժնեմասերի փաթեթը»։
Լևոն Քոչարյանը թե՛ նախորդիվ, թե՛ այսօր ԱԺ-ում հնչած իր ելույթում վերահաստատեց՝
այն, ինչ ունեն, օրինական է և երբեք չի թաքցվել հանրությունից։ Պատգամավոր Քոչարյանի
հայրը 10 տարի եղել է ՀՀ նախագահ և որպես եկամուտ ստացել է նախագահի աշխատավարձ։
Հնարավո՞ր էր նախագահի աշխատավարձով, ինչպես ժողովուրդն է ասում՝ «հալալ քրտինքով»
այդքան հարստություն դիզդել և դա այսօր ներկայացնել որպես օրինական ու հանրությունից չթաքցված։ «Մեզնից
շատերը այդ թվում և Լևոն Քոչարյանի գործընկերները՝
«Հայաստան» խմբակցությունից եղել են 22 տարեկան և նրանից և որևէ մեկին չի հաջողվել
22 տարեկանում ունենալ այդքան գումար։ Նկատի ունենանք, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը ամբողջ
կյանքում զբաղեցրել է պետական պաշտոններ։ Այսինքն՝ չի զբաղվել (ենթադրվում է) ձեռնարկատիրական
գործունեությամբ, քանի որ օրենքն արգելում է։ Ես որքան Լևոն Քոչարյանի ելույթից հասկացա՝
շրջանառվող 4 մլրդ դոլարը (հանրության մեջ տարիներ շարունակ այդքան կարողություն էր
վերագրվում երկրորդ նախագահին-խմբ․) ապատեղեկատվություն է համարում,
բայց, այդուհանդերձ, կողմ է, որ 4 միլիարդից քիչ է իրենց ունեցած գույքը։ Կրկնեմ, այդ՝
ավելի քիչ աղբյուրն էլ լավ կլինի, որ կոռուպցիայով մտահոգ, կոռուպցիայի դեմ պայքարով
շահագրգռված քաղաքական գործիչը բացահայտի։ Այդ դեպքում բոլորս կհավատանք, որ նա իսկապես
շահագրգռված է կոռուպցիայի դեմ պայքարով»,-նկատեց տիկին Ջուլհակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան