Դատախազը դատարան է հանձնել անչափահասին ծեծի ենթարկած և սպանած անձանց վերաբերյալ վարույթը. ինչ է հայտնի

Դատախազը 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:


Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում, դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի սպանությունը), Գ.Բ.-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության ենթարկելը), Ա.Բ.-ի, Ս.Ս.-ի և Գ.Յ.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:


Ա.Գ.-ի և Գ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:


Հիշեցնենք՝ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ Ս.Պ.-ի և նույն բնակավայրի մեկ այլ բնակչի՝ Ս.Ս.-ի միջև, էլեկտրոնային հաղորդագրության հետ կապված անձնական հարցի պատճառով, լարված հարաբերություններ են ձևավորվել:


Այդ հարցի հետ կապված պարզաբանումներ ստանալու և վրեժի շարժառիթով պատժելու նպատակով Ս.Ս.-ն իր համախոհներին հավաքագրել և տեղափոխել էր Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ, պայմանավորվածության համաձայն, հանդիպել են Ս.Պ.-ին և վերջինիս երեք ընկերներին, այդ թվում՝ տուժող Դ․Պ-ին:


Ս.Ս.-ն ընկերների հետ խմբի կազմում, իրականում առանց պարզաբանում կատարելու, մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համատեղ գործելով, հարձակվել են Ս.Պ.-ի և վերջինիս ընկերների վրա, ձեռքերով և ոտքերով սկսել են հարվածներ հասցնել վերջիններիս: 


Այդ ընթացքում Ս.Ս.-ի ընկեր Ա.Գ.-ն, առավել ակտիվ ու ագրեսիվ վարքագիծ դրսևորելով, իր մոտ պահվող դանակով սկսել է հարվածներ հասցնել գետնին ընկած անչափահաս Ս.Պ.-ի ընկերոջ՝ Դ.Պ.-ի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, իսկ խմբի անդամներ Ս.Ս.-ն և մյուսները, շարունակել են հարվածներ հասցնել Դ.Պ.-ին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս:


Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկի՝ Նոր Խարբերդ բնակավայրի բնակչի ազգականը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 17-ամյա երիտասարդի սպանությունից օրեր անց՝ նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան, իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը մի քանի մեքենաներ խոչընդոտել են, ինչի պատճառով ինքը մեքենան վարել է հակառակ ուղղությամբ, որի ժամանակ լսել է կրակոցի նմանվող ձայն, իսկ որոշ ժամանակ անց նկատել է, որ իր մեքենայի վրա առկա են վնասված հետքեր: 


Բացի այդ, դեպքից օրեր անց հաղորդում է ստացվել նաև 17-ամյա երիտասարդի սպանության վարույթով մեղադրյալների հորից այն մասին, որ 2024թ․ նոյեմբերի 11-ի երեկոյան, անհայտ անձը (անձինք) փորձել է հրկիզել Նոր Խարբերդ գյուղում գտնվող, չբնակեցված իր տունը, սակայն այրվել է միայն տան պատուհանը։


Նշված հաղորդումների առթիվ նախաձեռնվել են առանձին քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են երիտասարդի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին։