Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը չեղարկելու մասին հրամանը
չեղարկելու նոր հրամանին ասաց․«Ես ուշադրություն դարձրեցի ամսաթվին՝ թվագրված է 2023թ․ սեպտեմբերի 19-ը, սակայն
եթե նույնիսկ այդ ժամանակ է ստորագրվել՝ գաղտնի
է պահվել։ Այս մարդիկ պետականություն ասվածը լավ չեն հասկանում, այդ մարդիկ մտածում
են, որ այսօր կարելի է ինչ-որ փաստաթուղթ գրեն ու չեղարկեն, վաղը մեկ այլ փաստաթղթով
չեղյալ համարեն ու մտածեն՝ դրանից հետո ինչ-որ մեկն իրենց լուրջ է վերաբերվելու։ Ավելին՝
փորձում են ընտրություններ անցկացնել, նախագահ ընտրել, այն դեպքում՝ երբ պետությունը
փաստացի չկա»։
Ղևոնդյանի խոսքերով՝
եթե մարդիկ Հայաստանի Հանրապետությունում են, ապա պետք է գործեն ՀՀ կանոնադրության
շրջանակներում, ոչ թե պետություն-պետություն խաղան ՀՀ ներսում․«Նույն տրամաբանությամբ մի խումբ մարդիկ կարող են հավաքվել ու
ինչ-որ մեկին ընտրել Արևմտյան Հայաստանի կամ մեկ այլ փաստացի գոյություն չունեցող կազմավորման
նախագահ»։
Ըստ նրա՝ կա նաև ենթադրություն,
որ այդ փաստաթուղթը շատ ավելի ուշ է գրվել, ու կնիքվել, քան հիմա ներկայացվում է ․«Եվ դրա նպատակը ՀՀ իշխանությունների դեմ որոշակի մարտահրավերներ
գեներացնելն է։ Այստեղ և՛ Ռուսաստանի մատը կարող է խառը լինել և ՀՀ ներսում գործող
քաղաքական ուժերի, որոնք ցանկանում են հարվածի տակ դնել ՀՀ իշխանություններին, խաղաղության
օրակարգը։ Ակնհայտ է, որ նման հայտարարություններից հետո Ադրբեջանը ևս մեկ խաղաքարտ
է ունենալու Հայաստանին մեղադրելու և միջազգային հանրության աչքերում ոչ կառուցողական
ներկայացնելու համար»։
Մեր զրուցակիցն անդրադարձավ
նաև Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին՝
Լևոն Քոչարյանի մասնակցությամբ և պատասխանելով
մեր այն հարցերին, թե արդյոք այս մթնոլորտը պահպանվելու է մինչև հաջորդ ընտրությունները,
ինչ նպատակով է նման իրավիճակ ստեղծվում, նշեց․«Ցավում եմ, բայց 2026 թվականից հետո էլ խորհրդարանի
կառուցվածքը կարող է էապես չփոխվել՝ դատելով այն քաղաքական գործընթացներից, որոնք ես
այս պահին նկատում եմ։ Հիմնական միտումը՝ կառուցողական աշխատանք թույլ չտալն է։ Խնդիրն
այն է, որ կա մեկ հատված և դա «Հայաստան» դաշինքն է, որն ամեն կերպ փորձում է խոչընդոտներ
հարուցել, որ ՀՀ ներսում իշխանությունն ու պետական ինստիտուտները չկարողանան բնականոն
գործել»։
Հարցազրույցն
ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան