Անկյուն ընկած կենդանու նման սկսել են ճանկռել և անկանոն գործողություններ անել․ Արթուր Հովհաննիսյան

Խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ վերջին շաբաթներին ակտիվացած ջղաձիգ վարքագիծը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պայմանավորում է նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացով, որով որպես պատասխանողներ հանդես են գալիս ՀՀ նախկին նախագահները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի որդի, ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանը։ Նախօրեին վերջինս, ինչպես հայտնի է, ԱԺ-ում «փայլեց» իր ոչ ստանդարտ վարքագծով՝ ԱԺ փոխնախագահի հետ հարցուպատասխանում անցնելով փողոցային «ռազբորկայի» ոճին։ «Ընդդիմության ջղաձգումները, վերջին սրացումները նաեւ պայմանավորված են հենց Գլխավոր դատախազի զեկույցով, Հակակոռուպցիոն կոմիտեի, Քննչական կոմիտեի  զեկույցներով, որտեղ, այո՛,  արձանագրվում են հանգամանքներ, փաստեր, որոնք վերաբերում են իրենց իշխանության տարիներին տեղի ունեցած թալանին։ Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը մտել է վճռական փուլ, այն իմաստով, որ գործերը մտնում են դատարան, միլիարդավոր գումարների, գույքերի վրա կալանք է դրված եւ իրենք սա այլեւս չեն կարողանում օգտագործել ու անկյուն ընկած կենդանու նման սկսել են ճանկռել եւ անկանոն գործողություններ անել։ Մենք մինչև վերջ գնալու ենք այս ճանապարհով, այլընտրանք չկա»։


Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ ընդդիմության միակ նպատակը քաղաքական գործիքակազմով վերարտադրվելն  ու իրենց ապօրինի գույքը փրկելն է, ինչպես նաև արտաքին ուժերի «գլխավոր պատվերը» սպասարկելը՝ հարձակում իրականացնել ՀՀ-ի պետականության վրա, որպեսզի մենք շարժվենք ոչ թե ինքնիշխան ու անկախ լինելու, այլ՝ «Միութենական պետության» կազմ մտնելու սցենարով։ Մեր դիտարկմանը՝ իսկ ո՞ւր մնացին «հայրենիքի փրկության», «Արցախի վերադարձի» մասին խոստումները,  որոնք մշտապես գեներացնում է ընդդիմությունը,  ՔՊ խմբակցության քարտուղարն արձագանքեց
«Իրենք էլ լավ գիտեն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագայի վերաբերյալ իրենց խոստումները, պատկերացումներն ամբողջովին հորինված են, սուտ և իրականության հետ որևէ աղերս չունեն։ Սրա մասին շատ լավ գիտի նաև ԼՂ-ի ժողովուրդը և իր վերաբերմունքն էլ  արտահայտում է։ Տեսնում ենք, որ հանրային աջակցություն չկա։ Եթե ձեր նշած խոստումները հանրային աջակցություն ունենային ժողովրդի կողմից, այդ աջակցությունը կլիներ։ Հրավերները՝ դուրս գալու փողոց և երկրում այսպես ասած իշխանափոխություն իրականացնելու, այդ հրավերը մինչև հիմա ոչ ոք չի ընդունել և չի էլ ընդունելու։ Իրենց պայքարն առհասարակ, հայրենիքի փրկությունն ամփոփվում է այլ երկրների դրոշներ այրելով և դրա երեկոյան ՀՀ-ի սահմանների վրա կրակոցներ հրահրելով, ամփոփվում է իրենց առջև դրված Արցախի դրոշներով, որ բերել-տնկել են դիմացները, Արցախը լուծարել, եկել-նստել ու չգիտեմ՝ ինչեր են անում»։


Արթուր Հովհաննիսյանի հետ զրուցել ենք նաև ԼՂՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սամվել Շահրամանյանի ստորագրած՝  ԼՂՀ-ն  լուծարելու մասին հրամանագիրը չեղարկելու, արտախորհրդարանական ընդդիմության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացի մասին։


Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հեղինե Մանուկյան