Քրեական գործերով անցնող Երևանի նախկին քաղաքապետն ու նրան փոխկապակցված անձինք կանչվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն ու նրան փոխկապակցված ևս մի քանի անձ՝ Արտակ Երվանդի Զախարյանը,  Զինա Արտավազդի Զախարյանը, Լիլիթ Երվանդի Զախարյանը, Գայանե Երվանդի Զախարյանը,  Վազգեն Սայադի Զախարյանը ծանուցումներ են ստացել ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունից  և պետք է օգոստոսի 15-ին ներկայանան Դատախազության հիշյալ վարչություն։ Ըստ ծանուցումների՝ հիշյալ անձանց պատկանող գույքերի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, կազմվել ամփոփագրեր։ «Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-մասնավորապես նշված է ծանուցագրերում։  

Նշենք, որ Երևանը Երվանդ Զախարյանը ղեկավարել է 2003-ից մինչև 2009 թվականի մայիսը։  Նա տարբեր տարիների եղել է նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, ղեկավարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։
Զախարյանի դեմ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) 2019-ին քրեական գործ էր հարուցել՝ ապօրինի որոշմամբ 2008-ին «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր հողատարածքը օտարելու փաստով։

Այս տարվա ապրիլի 20-ին դատախազի կողմից առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, երկու օր անց Կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով: Դատախազության հաղորդմամբ՝ «Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված հողամասն օտարվել է շուկայական արժեքից մոտ 4.4 միլիարդ դրամով պակաս։ 2004 թվականի հունվարի 16-ին, ըստ դատախազության, Երևանի քաղաքապետը, օրենքի խախտումներով, պետական սեփականություն հանդիսացող՝ նախկին «Երիտասարդական պալատ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված Սարալանջի 1 հասցեում գտնվող 31780,0 քմ մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը 805 մլն 623 հազար դրամ է, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքից էականորեն պակաս գնով՝ 62 մլն 973 հազար 405 դրամով օտարել է «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դատախազությունը նաև նշել էր, որ վաճառքի միջոցով 2011 թվականին «Ավանգարդ Մոթորս»-ին կադաստրային արժեքով օտարվել են նաև Սարալանջի 1 հասցեում գտնվող 53.0 քմ և 4854.86 քմ մակերեսներով հողամասերը, մինչդեռ դրանցից 53.0 քմ մակերեսով հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ենթակա չի եղել օտարման: