Քոչարյանը ստում է և հանդես է գալիս որպես Կրեմլի հպատակ


ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասաց՝ նման մտածելակերպ ունեցող մարդիկ մոռանում են, որ Ռուսաստանի Դաշնությունն  իրականում կայսերապաշտական քաղաքականություն իրականացնող պետություն է. «Նրանց համար ՌԴ-ն հարազատ պետություն է և ոչ կայսրություն։ Ես հասկանում եմ, որ նա Պուտինի հետ քիմիական կապի մեջ է և փորձում է մանիպուլացնել։ Այսինքն՝ ցույց տալ, թե հեղափոխությունից հետո եկած իշխանությունը ՌԴ-ին վատ է վերաբերվում, դրա համար  է այսպես, բայց իրականում Ռուսաստանը չի դադարել լինել կայսերական և հենց այդպես է վերաբերվել նաև Հայաստանին։ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը հանդես է գալիս որպես Կրեմլի հպատակ։ Այդպես է եղել իր նախագահության տարիներին և շարունակվել Սերժ Սարգսյանի օրոք»։

Ըստ մեր զրուցակցի՝ Ռուսաստանը երբեք Հայաստանին անվճար օգնություն չի տրամադրել. «Ես կհիշեցնեմ փաստ, որ ՌԴ-ն մարեց շատ պետությունների արտաքին պարտքը, բայց ոչ Հայաստանինը։ «Գույք պարտքի դիմացը» հենց Քոչարյանն է առաջարկել. բա եթե ՌԴ-ն դաշնակից էր, ինչո՞ւ շատերի նման մեր պարտքն էլ չէր զիջում կամ զրոյացնում»,- հարցադրում արեց իրավապաշտպանը։

Նրա դիտարկմամբ՝ Քոչարյանն իր այս հարցազրույցով Պուտինին ասում է՝ ես կարող եմ լինել Հայաստանում ապակայունացնող գործոն. «Քոչարյանն ու իր համախոհները ամբողջությամբ հանձնված են ՌԴ շահերի սպասարկմանը»։

Միևնույն ժամանակ իրավապաշտպանը թերի է համարում ՀՀ իշխանությունների քայլերը՝  նախկին իշխանություններին քաղաքական գնահատական տալու,  ապօրինի գույքի բռնագանձումն այսքան ուշացնելու և մի շարք այլ հարցերում։ Ըստ Սաքունցի՝ դա է պատճառը, որ այսօր Քոչարյանը կարողանում է նման բովանդակության հարցազրույցներ տալ։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝տեսանյութում

Մարիամ Գրիգորյան