Քոչարյանը ստում է, արդարանում ու մեղադրում. 2026թ.-ին նրա վերադարձը բացառված է

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանն ասելիք չունի, նրա նպատակն իր անձի մասին հիշեցումն  է։ Civic.am-ի  հետ զրույցում Ադամյանը նշեց՝ դատելով Քոչարյանի body language-ից՝ վերջինս  ստում է, արդարանում և մեղադրում: «Նա ասում էր, որ իր պաշտոնավարման օրոք խնդիր չի եղել Ռուսաստանի և Բելառուսի հետ։ Իհարկե չի եղել, իսկ ի՞նչ խնդիր պետք է լիներ. դե ֆակտո Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանը դադարել է լինել ինքնիշխան պետություն, Ռուսաստանը ստացել է այն ամենը, ինչ ցանկացել է։ Հակառակը՝ Ռուսաստանը խնդիրներ ուներ Ռոբերտ Քոչարյանի հետ, բարձրացրե՞լ է Ռոբերտ Քոչարյանն այդ խնդիրները, իհարկե՝ ոչ»,- նկատեց նա։


Ադամյանի դիտարկմամբ՝ կեղծ է այն թեզը, որ եթե Քոչարյանը լիներ նախագահ, պատերազմ չէր լինի. «Եթե նա լիներ նախագահ, թե՛ պատերազմ էր լինելու, և թե՛ իր վարած քաղաքականության արդյունքում մենք պարտվելու էինք։ Երբ տարածաշրջանում համընկնում են Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը, Հայաստանը մեկ խնդիր ունի՝ գտնել իրական դաշնակիցներ»։


Անահիտ Ադամյանի խոսքով՝ բացառված է, որ 2026 թվականին Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության. «Ինչի՞ մասին է աղմկում Ռոբերտ Քոչարյանը, ո՞ւմ է ուզում ստել ու համոզել։ Քոչարյանի 24/7 ռեժիմով հարցազրույցները, տղայի արկածները խորհրդարնում ոչինչ են։ Նա ցույց է տալիս, որ իշխանության հավակնորդ է, բայց գաս իշխանության, ի՞նչ անես՝ վերականգնե՞ս նահանգապետությունը, դու կամ տղադ դառնաք նահանգապե՞տ։ Բացառված է, որ 2026-ին դա լինի ՀՀ քաղաքացիների ընտրությունը»։


Մեր զրուցակիցը համարում է, որ երկրորդ և երրորդ նախագահների միջև իսկապես կան խորքային հակասություններ, սական նաև նշում է, որ Քոչարյանի հենարանը Հոկտեմբերի 27-ից հետո եղել են Մոսկվան ու Սերժ Սարգսյանը։ Այդ հակասությունները, Ադամյանի խոսքով, չեն խանգարի հետընտրական շրջանում միավորվել ու փորձել իրականացնել «Գյումրի 2» ծրագիրը։ Անահիտ Ադամյանը համարում է, որ դա կլինի Կրեմլի հրահանգով։


 


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան