Ծնոտի շարժում. մոռացված անցյալի արձագանքը

Լիլիթ Նիկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ծնոտի շարժում. մոռացված անցյալի արձագանքը

Որդին մի օր հարցրեց.

– Հայրիկ, ինչո՞ւ ես ամեն անցորդի տեսնելիս ծնոտդ շարժում։

Հայրը պատասխանեց.

– Որդիս, որ չմտածեք մեռել եմ, տանեք թաղեք։


Երեկ, երբ լսեցի Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ Սերգեյ Լավրովի Հայաստան այցից առաջ, ակամայից հիշեցի այս հին անեկդոտը։ Երկար լռությունից հետո հանկարծ ծնոտի շարժում. ոչ թե ասելիքով, այլ՝ հիշեցնելու, որ դեռ գոյություն ունի։ Բայց երբ ժողովուրդը քեզ վաղուց համարում է քաղաքական անցյալ, այդ շարժումը դառնում է պարզապես ինքնապաշտպանություն մոռացության դեմ։


Քաղաքականությունը հիշողություն է։ Եվ մեր ժողովուրդը շատ լավ հիշում է 90-ականների վերջի ու 2000-ականների սկզբի ծանր տարիները։ Երբ մարդը ոչ թե ապրում էր, այլ գոյատևում։ Երբ բիզնեսն ու կյանքը “հովանավորության” տակ էին։ Երբ սեփականությունը խլվում էր օրենքի դիմակով, իսկ իշխանությունն ու կապիտալը սերտաճել էին մեկ մարմնի։ Երբ հոկտեմբերի 27-ին սպանդի վերածվեց խորհրդարանը, իսկ մարտի 1-ի գիշերը՝ հրազեն, արյուն, զոհված քաղաքացիներ։ Երբ դատարանը վերածվել էր քաղաքական գործիքի, իսկ մամուլը՝ վախեցած ստվերի։


Այդ անցյալի արձագանքն է այսօր փորձում հիշեցնել իր գոյության մասին՝ խոսելով, բայց առանց զղջման, առանց որևէ փոխված նշանի։ Բայց ժողովուրդն արդեն նույնը չէ։ Նա անցել է ցավոտ ճանապարհ, կորուստների միջով, բայց նաև սովորել է տարբերել ձևը բովանդակությունից։ Ու հասել է մի աստիճանի, երբ կարողանում է հարց տալ. խոսողը պատասխանատու առաջնորդ է, թե՞ անցյալից չհամակերպված ձայն։


Երկիրը ապագայի մասին մտածելու ժամանակ ունի։ Իսկ անցյալից պետք է դաս քաղել, ոչ թե վերակենդանացնել այն։ Եթե այսօր խոսում ես, պիտի նաև պատասխան տաս այն լռության համար, որ տարիներ շարունակ կախված էր ամբողջ ժողովրդի գլխին։ Իսկ եթե խոսում ես առանց այդ պատասխանատվության, ապա պարզապես շարժում ես ծնոտդ՝ միայն որպեսզի չմտածեն, թե մեռել ես։ Բայց ժողովուրդը վաղուց է քեզ հանգուցյալ համարել։


Քաղաքական հիշողությունը մաքրում է անցյալը միայն այն դեպքում, երբ անցյալն ինքն է զղջում։ Իսկ երբ զղջում չկա, հիշեցումը դառնում է ցավոտ հուշ, ոչ թե ապագայի խոսք։


Այսօր պետք չէ հիշեցնել, որ կենդանի ես։