Լավրովը՝ անհարմար վիճակում․ Չէինք կարող դուռը փակել ու Լավրովին ասել՝ չգաս

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի կարծիքով՝ թեպետ Հայաստանում հնչում են հարցեր, թե ինչու է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը եկել Երևան, մենք չենք կարող դռները փակել ու ասել՝ չգաս: «Դիվանագիտությունը մի բան է, էմոցիաներն՝ այլ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանին հարցեր պետք է տան՝ արդյոք դու կկատարե՞ս քո պարտավորությունները, հիմա Ադրբեջանը գտնվում է մեր տարածքում. պետք է տալ հարցեր, դնել անհարմար վիճակում, ինչը և Միրզոյանը արեց»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Դալլաքյանն անդրադարձավ նաև Լավրովի այն պնդմանը, թե ՌԴ-ի տված զենքով է, որ Հայաստանը 7 շրջան է ազատագրել 90-ականներին. «Նախևառաջ այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը չէր նախագահը, իսկ Ելցինի քաղաքականությունը Հարավային Կովկասում հստակ էր, և Հայաստանը համարվում էր Ռուսաստանի համար առաջնային։ Լավրովը որ համեմատություն է անում, դա Պուտինի քաղաքականության հետ կապ չունի։ Պուտինը 2010-ից  Ադրբեջանին սկսեց 2-3 անգամ ավելի զինել, և նա միշտ  ՀՀ բոլոր ղեկավարներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում նրանք մեր դաշնակիցը չեն»։


Ինչ վերաբերում է  զենք վաճառելուն, ապա, ըստ քաղաքագետի, կա տարբերություն. «ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող պետություններ, երբեք Ադրբեջանին հարձակողական զենք չեն վաճառել։ Նորմալ չէ, որ երբ դու միջնորդ ես, զենք վաճառես կողմերին ու խախտես բալանսը։ Իսկ Ռուսաստանը և  պաշտպանության մեր նախկին նախարարները դա համարում էին բիզնես: Այսինքն՝ հարձակողական զենք վաճառես՝ իմանալով, որ նա հարձակվելու է քո դաշնակցի վրա, նույնն է, որ ԱՄՆ-ն հիմա Պաղեստինին զենք վաճառի ու ասի՝ ինչ անենք Իսրայելը մեր դաշնակիցն է, մենք բիզնես ենք անում»։


Լիլիթ Դալլաքյանը նշում է, որ դիվանագիտության մեջ կարևոր է տալ հարցեր, որոնք վատ իրավիճակի մեջ կդնեն դիմացինին։ Նրա դիտարկմամբ՝ Լավրովը քար է նետում Քոչարյանի ու նախկին իշխանությունների բոստանը, որոնք ասում են, թե Հայաստանը գնում է «ուկրաինացման» ճանապարհով: «ՌԴ-ն ցանկանում է օգտագործել նախկին իշխանություններին, սրբազաններին, բայց Ռուսաստանին պետք չէ ու չի ուզում Փաշինյանին հեռացնել,  նա կարմիր գծեր չի խախտում։ Միևնույն ժամանակ նրան պետք չէ, որ Հայաստանը զարգանա, կայուն պետություն լինի, բայց հո Լավրովը չէ՞ր ասի՝ մենք ենք ասել, որ նախկինները խոսեն ու Ուկրաինայի օրինակը բերեն»,- եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան