Լավրովը եկել էր ասելու՝ ՌԴ-ն Հայաստանից չի գնալու

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանն ասաց, որ «չենք պատրաստվում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ»։


Ասուլիսում հնչած հայտարարությունների վերաբերյալ զրուցել ենք Չեխիայում բնակվող քաղաքական գործիչ, վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ։  


«Միրզոյանը հնչեցրեց այն, ինչ որ իրականություն է։ Իրոք Հայաստանը, փորձելով նստել երկու աթոռի վրա, մի կողմից՝ օրենք է ընդունում, որ Հայաստանը պետք է շարժվի դեպի ԵՄ, և այդ օրենքի ընդունումից հետո փաստացիորեն ոչ մի քայլ չի ձեռնարկվում, այդ հարցը իբրև թե մոռացության է տրված, և ընդհակառակը՝ Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, և այս այցը դրա հաստատումն է։ Եվ Լավրովը հենց այնպես չէ, որ եկել է Հայաստան։ Նա եկել է Հայաստան, որպեսզի մեկ անգամ ևս արձանագրի, որ Ռուսաստանից պատրաստ չէ ոչ մի տեղ գնալու, և Հայաստանը պետք է մնա, այսպես ասած, Ռուսաստանի փեշի տակ»,- ասաց Բագրատ Առաքելյանը։


Նա նշեց, որ այնուամենայնիվ Լավրովն իր պատասխաններից մեկում հիշեց ռուսական ռազմական բազայի 30-ամյակը, մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությանը Հայաստանի մասնակցությունը և բազմաթիվ ուրիշ համագործակցություններ, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև, և Արարատ Միրզոյանն արձանագրեց այն, ինչն այսօր, ցավոք սրտի, տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների մեջ։


Այսօր Լավրովին հարց տրվեց, որ նա եկել է մի երկիր, որի դեմ Ադրբեջանը կիրառել է ռուսական զենքեր,  և արդյոք նա ռազմական ուժո՞վ է կասեցնելու ՀՀ մերձեցումը ԵՄ-ին։ Այս առնչությամբ Բագրատ Առաքելյանն ասաց, որ իրենք ամենասկզբից էլ հայտարարել են, որ մենք Ադրբեջանին էլ ենք զենք վաճառում, բայց ինքը մոռացավ նշել մի բան. չէ՞ որ Հայաստանի հետ Ռուսաստանը գտնվում է ռազմավարական գործակցության մեջ, ինչն այն ժամանակ Ադրբեջանի հետ դեռ չուներ։


«Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը մտնում էր ՀԱՊԿ-ի մեջ, Հայաստանը մտնում է ԵԱՏՄ-ի մեջ, Ադրբեջանը չի մտնում այդ կառույցների մեջ։ Եվ Ռուսաստանը ոչ մի խնդիր չտեսավ դրա մեջ, որ ինքը կարող է Ադրբեջանին զինել՝ պարզ հասկանալով, որ այդ զենքն ուղղվելու է Հայաստանի դեմ։ Իսկ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է։ Դե իրենք ասում են՝ զենք ենք վաճառում, գումարներ ենք ստանում. եթե գումարների մասին է խոսքը, ապա բազմաթիվ ուրիշ հարցեր կան, որ Հայաստանն արդեն կարող է Ռուսաստանին ուղարկել գրողի ծոցը և զբաղվել իր քաղաքականությամբ ու իր դիվերսիֆիկացիայով, ինչին որ Ռուսաստանը կտրականապես դեմ է»,- հավելեց մեր զրուցակիցը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան