Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ
զրուցել ենք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի մասին։
Հարցին, թե արդյոք այս այցը տեղավորվո՞ւմ
է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության շրջանակում, որ Հայաստանը վարում է
բալանսավորված արտաքին քաղաքականություն, քաղաքագետն ասաց. «Միանշանակ տեղավորվում
է, և վարչապետ Փաշինյանը փաստորեն ուղիղ, բացահայտ նշել է այն քաղաքականությունը, որն
այս պահին Հայաստանը տանում է։ Այս պահին իրոք Հայաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն,
այլ հարց է՝ որքանով է այդ քաղաքականությունն էֆեկտիվ, որքանով է այդ քաղաքականությունը
համապատասխանում ինքնիշխանության շահերին, բայց այն, որ քաղաքականությունը բալանսավորված
է, միանշանակ ճիշտ գնահատական է: Եվ վարչապետի այցը մայիսի 9-ին Մոսկվա, և Լավրովի
այցը Հայաստան այդ քաղաքականության միայն մեկ ուղղության դրսևորումներն են»։
Նա նշեց, որ իրեն մտահոգում է այն, որ դեպի ԵՄ գնալու
քայլեր և առաջընթաց չկա։ Քաղաքագետի խոսքով՝ մենք Կիպրոսից լսեցինք, որ իրենք պատրաստ
են մեզ այդ հարցում օգնել։
«Ես քայլերը չեմ տեսնում, և Արարատ
Միրզոյանն ասում է, որ մենք օրենքն ընդունել ենք և վերջ։ Լավրովի հետ ասուլիսում, փաստացի
արդարանալով, նշեց, չէ՞, որ մենք ԵՄ մասին օրենքն ընդունել ենք և ուրիշ բան չենք անում։
Հայտ չենք տալիս և ուրիշ որևէ քայլ չենք անում։ Դա այն է, ինչ ես խոսում եմ վերջին
երկու տարվա ընթացքում։ Ես ասում էի, որ օրենքն ընդունվելու է և վերջ, էս ա»,- նշեց
քաղաքագետը։
Ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարեց,
որ չի տեսնում ՀՀ-ի ուկրաինացման պատճառ՝ «Հայաստանը մեր դաշնակիցն է»։ Հարցին, թե
Ռուսաստանը վստահելի գործընկե՞ր է, Դավիթ Ստեփանյանն ասաց՝ իհարկե ոչ։
«Եթե Ռուսաստանը հնարավորություն
ունենար, մենք դա անվանում ենք Իլհամ Ալիևին վերցնել և տալ մեր գլխին, վաղուց տվել
էր մեր գլխին, այնպես, ինչպես տվել էր 20-ին, 21-ին և 22-ին։ Այս պահին ուղղակի նրանք
այդ հնարավորությունը չունեն, դրա համար այս պահին մի քիչ հանդարտվել է իրավիճակը մեր
տարածաշրջանում, և այո, ուկրաինացման վտանգ չկա. իսկ ինչու պիտի լինի, եթե Հայաստանը
վարում է բալանսավորված քաղաքականություն»,- հավելեց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան