Քոչարյանն ու Սարգսյանը բաց տեքստով Մոսկվայից աջակցություն են խնդրում՝ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար

Քաղաքագետ Էդգար Առաքելյանի կարծիքով՝ «Հայաստանի ուկրաինացում»  եզրույթը ռուսական քարոզչական դաշտից Հայաստանի քարոզչական դաշտ նետված եզրույթ է, որը հաջողությամբ օգտագործում են հայաստանյան քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ: «Նրանք ՀՀ-ԵՄ սերտացման գործընթացը դիտարկում են այն տեսանկյունից, որ եթե Հայաստանը դասեր չքաղի՝ նրան սպասվում է «ուկրաինացում»։ Սա անթույլատրելի հայտարարություն է՝ մեր հասարակությանը մշտապես վախի մեջ պահելու համար։ Նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, ինձ համար չեն տարբերվում այն ռուսական քարոզիչներից, որոնք առավոտից երեկո Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի կանոններով մարտեր են մղում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Մեր զրուցակիցը կարծում է, որ  Լավրովի այցին մեծ նշանակություն տալ պետք չէ, նաև համարում է, որ վերջինիս թեզերը մանիպուլյատիվ էին. «Իհարկե Հայաստանին «ուկրաինացում» չի սպասվում, բայց ոչ թե որ Ռուսաստանը թույլ չի տա, այլ Հայաստանը սուվերեն երկիր է, և ինքն  է որոշում իր արտաքին  քաղաքական  օրակարգը։ Եթե այսօր հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, ապա դա ոչ թե Հայաստանի իշխանությունների մեղքով է, այլ հենց Ռուսաստանի, և հենց ՌԴ-ն պետք է  հայացք նետի ու հասկանա, թե ինչն այնպես չի արել, որ արժանացել է հայաստանյան հասարակության վրդովմունքին»։


Խոսելով ՀՀ նախկին նախագահների ակտիվության մասին՝ քաղաքագետը նկատեց՝ ցավալիորեն Հայաստանը 20 տարի ղեկավարած գործիչներն այսօր Մոսկվայից աջակցություն են ուզում՝ Հայաստանում իշխանափոխության, հեղաշրջման համար. «Նրանց հայտարարություններն ու գործելաոճը պետք է ունենան նաև քրեաիրավական գնահատական։ Եթե Քրեական օրենսգրքում չկան նման հոդվածներ, ապա պետք է ավելացվեն, և  պատասխանատվություն սահմանվի այն մարդկանց նկատմամբ, ովքեր բաց տեքստով հայտարարում են, որ երրորդ երկրները ներգրավվեն ու իրենց օգնեն Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն կամ հեղաշրջում իրականացնելու»։

 


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան