Բոլոր այդ մարդիկ ինձ համար հերոսներ են և իրենց օրինակով են ցույց տալիս, թե ինչ է իրենց համար հայրենի հողը

«Չեմ հանդիպել որևէ բնակչի, որ չհետևի խաղաղության պայմանագրին և չսպասի, որ դա տեղի ունենա։  Կարծում եմ, որ Հայաստանում մեծամասնությունը հենց այդպես էլ կարծում է, որ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր»,- հայտարարեց  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որի հետ сivic.am-ը զրուցել է Սյունիքի մարզի հեռավոր բնակավայրերից մեկում՝ Նռնաձոր համայնքում, որը սահմանամերձ է մի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, մյուս կողմից՝ Ադրբեջանին։ Համայնքը մարզկենտրոն Կապանից հեռու է 108, Մեղրիից՝ 30 կիլոմետր։    

 

«Խաղաղությունն ավելի շատ սպասված է սահմանամերձ գյուղերի բնակիչների կողմից, քանի որ սահմանի վրա ապրող մարդն է հասկանում խաղաղության գինը։ Ինչքան էլ որ գլոբալ առումով մայրաքաղաքում կամ սահմանից հեռու մարդը հասկանա, բայց այստեղ մարդիկ ամենօրյա խնդիրների են բախվում, և հետևաբար հենց սահմանի վրա ապրող մարդիկ ավելի շատ են սպասում խաղաղությանը»,- ընդգծեց նա։


Խոսելով մարզի  համայնքների բնակիչների հետ  շփումներից ստացած իր տպավորությունների մասին՝ Ղուկասյանը նկատեց՝ հատկապես գյուղերում մարդիկ հույս են տալիս մեզ. «Մենք հիմա Հայաստանի ամենահեռավոր բնակավայրում ենք, և նույնիսկ այստեղից Մեղրի հասնելը այդքան էլ դյուրին չէ։ Բայց այստեղ ապրելով մարդիկ օրինակ են ծառայում։ Իրենք ինձ համար հերոսներ են և բոլոր այն մարդիկ, ովքեր ապրում են հեռու և այսպիսի՝ թերի զարգացած ենթակառուցվածքներ ունեցող բնակավայրերում։ Այդ նույն հերոսությունը կարող ենք տեսնել Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Որոտան, Կոռնիձոր, Խնձորեսկ, Շուռնուխ... համայնքներում Բոլոր այն բնակավայրերում, որոնք հեռու են, և որտեղ մարդիկ ապրում են, իրենք հերոսներ են։ Իրենք այն օրինակն են, թե ինչ է իրենց համար նշանակում հայրենի հողը»։


Նռնաձոր համայնքը Մեղրիին կապող ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ճանապարհի կառուցման համար պետական միջոցներից հատկացվել է 2,5 միլիարդ դրամ։  Ընթացքի մեջ են նաև գյուղի մանկապարտեզի կառուցման աշխատանքները։

 

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում    

Հեղինե Մանուկյան