Օրերս Հայաստան
էր այցելել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ
Ազիզ Նասիրզադեն, դրանից օրեր առաջ էլ Իրան էր մեկնել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։
«Նկատելի է, որ Հայաստանը փորձում
է, բացի քաղաքական և տնտեսական հարաբերություններից, Իրանի հետ համագործակցությունը
նաև պաշտպանական ոլորտում զարգացնել, և նաև տեսանելի է, որ Իրանից էլ կա այդպիսի ցանկություն։
Ես չգիտեմ՝ որն է պատճառը, բայց նախկինում երկու երկրների պաշտպանական գործակցությանը
լուրջ ուշադրություն չի դարձվել, հիմնականում շեշտը դրվել է քաղաքական և տնտեսական
հարաբերությունների վրա, ինչը սխալ է։ Իրանն այսօր ունի շատ ուժեղ բանակ, որից մենք
կարող ենք շատ բան վերցնել, սովորել, և Իրանի հետ համատեղ զորավարժությունները, պաշտպանական
գործակցությունը կնպաստեն Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ուրախալի
ու գովելի է, որ այս ուղղությամբ վերջին երկու-երեք տարիներին արդեն իսկ դրական քայլեր
են ձեռնարկվում»,- ասաց քաղաքագետը։
Խոսելով նաև ՀՀ-ում Իրանի դեսպանի
այն հայտարարության մասին, որ որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, և հարցին, թե
որ պարագայում Իրանը զիջման կգնա, քաղաքագետն ասաց, որ մի քիչ դժվար է ասել և մոդելավորել
Իրանի գործողությունները, որովհետև այսպիսի նախադեպ չի եղել երբեք, որ Իրանը պատերազմի
մեջ մտնի Ադրբեջանի հետ։
«Իհարկե, եղել են մեսիջներ Իրանի
կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում, մասնավորապես Ադրբեջանի սահմանի երկայնքով
խոշոր զորավարժությունների անցկացումը Իրանի կողմից որոշակի մեսիջ էր պարունակում Ադրբեջանին,
բայց արդյոք նա կգնա՞ ավելի կոնկրետ քայլերի ընդդեմ Ադրբեջանի, իսկ ավելի կոնկրետ՝
կգնա՞ արդյոք ռազմական բախման Ադրբեջանի հետ, դժվար է ասել։ Ես չեմ կարծում, որ որևէ
մեկը կարող է միանշանակ պնդել, որ դա տեղի կունենա։ Բայց պետք է նկատենք, որ Ադրբեջանին
զսպողը միայն Իրանը չէ. այդ հարցում մեր բախտը բերել է, որ միջազգային առումով ունենք
շատ լայն կոնսենսուս: Արևմուտքն էլ է բազմիցս Ադրբեջանին հստակ ասել, որ Հայաստանի
տարածքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելը ծանր հետևանքներ է ունենալու
Ադրբեջանի համար»,- հավելեց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան