ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի
կարծիքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան էր եկել որպես հետախույզ։
Civic.am-ի հետ զրույցում Արշակյանը նշեց՝ ՌԴ-ի կողմից վերադարձի փորձ է իրականացվում. «Ռուսաստանը բավականին
անհաջող կերպով էր հեռացել, կարելի է ասել՝ դուռը շրխկացրել էր մեր ու Արցախի վրա,
ու հիմա կարծես փորձում է նոր հարաբերություններ սկսել։ Ուշ գալու պատճառը ոչ միայն
այն էր, որ գլուխը խառն էր ուկրաինական ռազմաճակատում, այլ նաև սպասում էին, որ իրենց հասցրած վերքը սպիանա»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստան են ուղարկել էթնիկ ծագմամբ
հայի՝ իբր յուրայինի, որ գա այստեղ «լեզու գտնի». «Պարզվում է ՝ Հայաստանն արժեք ունի,
տանում են Հայաստանը։ Այն, որ թողել գնացել են, պարզվում է՝ հայկական պրոյեկտը չի փակվել,
ու իրենք անհանգիստ են»։
Արշակյանի խոսքով՝ Ռուսաստանը դեռ թեկնածու չունի 2026 թվականի
ընտրությունների համար, թեպետ շատերը փորձում են ներկայանալ որպես Կրեմլի ֆավորիտ։
Նրա դիտարկմամբ՝ նախկինները չեն կարող հետ
գալ, որովհետև խոտանվել են դեռ այն ժամանակ, երբ ՌԴ-ն այստեղ ազդեցիկ էր. «ՌԴ-ն Քոչարյանին
խոտանեց, կարող էր Սահմանադրության մեջ մի կետ փոխել, ու նա շարունակեր իշխել ու տնօրինել։ Մի ուրիշը եկավ՝
նրան էլ հանեցին, որովհետև նա էլ Եվրոպայի հետ «սիրավեպ» ուներ։ Նրանք պատժված են որպես
Ռուսաստանի համար դասալիք։ Ռուսաստանի թեկնածուներն այսօր նրանք չեն, դեռ չկան թեկնածուներ։
Եկան՝ տեղում ուսումնասիրեցին, կերևա»։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ որպես վարչապետի, ԱԺ նախագահի ու դռնապահի
թեկնածուներ այսօր կան, սական ՀՀ պետականության ծրագիր չունեն. «Ասում են՝ մենք Ռուսաստանի
թեկնածուն ենք, մեզ սիրում է Ռուսաստանը, իսկ Ռուսաստանն իրենց սիրո՞ւմ է, թե՞ այդ
սերն անպատասխան է»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան