«Գնթունիք»-ի սեփականատեր, Ապարանի համայնքապետ, յուրացման մեջ մեղադրվող Կարեն Եղիազարյանն ու նրա ընտանիքի անդամները կանչվել են Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն
Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, նրա կինը՝ Սիրուն Սարգսյանը, մայրը՝ Լիանա Եղիազարյանը, ծանուցումներ են ստացել ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վաչությունից և պետք է հիշյալ վարչություն ներկայանան օգոստոսի 18-ին։

Հիշեցնենք, որ Եղիազարյանը ամբաստանյալի կարգավիճակ ունի․ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով Ապարան համայնքի ղեկավար՝ պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ այլ անձանց օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով կատարել է իրեն վստահված զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն, ինչպես նաև՝ կատարել է պաշտոնեական կեղծիքներ»։ Գործը 2020 թվականից դատարանում է, վերջին դատական նիստը հունիսին էր, որը չի կայացել ամբաստանյալի չներկայանալու պատճառով։ 

Նշենք, որ 2017-ից համայնքը կառավարող  Կարեն Եղիազարյանը՝ հայտնի որպես «Գնթունիք»-ի Կարեն (նա «Գնթունիք» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է),   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով   ներկայացված իր՝  2022 թ․ հայտարարագրում  ահռելի՝ 11 անշարժ գույք է հայտարարագրել։ Մասնավորապես միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող, Ապարանում գտնվող  հասարակական նշանակության երկու շինություն, որոնցից  մեկը գնել է 2011-ին,մյուսը՝ 2021-ին,  Ապարանում գտվող երկու  հողամաս, մեկ արտադրական նշանակության շինություն, որը նույնպես գնել է 2011-ին,  հողին ամրակայված երկու անշարժ գույք, բաժնային սեփականությամբ մեկ հողամաս Երևանի Կենտրոն վարչական շրջանում, մեկ բնակարան Երևանի նույն վարչական շրջանում, որոնք գնել է 2014-ին։ 

Որպես շարժական գույք Ապարանի համայնքապետը հայտարարագրել է մեկ բեռնատար մեքենա՝ FORD  մակնիշի՝ 1998 թ․ թողարկման,   և մեկ մարդատար մեքենա՝ 1997 թ․ արտադրության VOLKSWAGEN, որը գնել է 2016-ին։ Որպես փոխառություն  Եղիազարյանը տարեսկզբին հայտարարագրել է «Գնթունիք» ՍՊԸ-ից ստացած 34 մլն 340 հազար դրամը,  որը տարեվերջին կազմել է 340 հազար դրամ։ Հայտարարատու անձը որպես եկամուտ հայտարարագրել է նաև  «Ակբա Բանկ»-ից ստացած  2,492,698 դրամը,  4,413.57   Եվրոն  և  19,714.49 Եվրոն, ինչպես նաև Ապարանի համայնքապետարանից ստացած աշխատավարձը՝  3,359,311 դրամ   (ընդհանուր եկամուտը  կազմել է 16,080,134.92 դրամ)։ Եղիազարյանը նաև ընդհանուր 12,720,823.92 դրամ վարկ է հայտարարագրել հաշվետու տարում։