Քաղաքականության հետազոտական
կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը դրական է համարում Հայաստանում «Երևանյան
երկխոսություն» միջոցառման անցկացումը։ Civic.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ դրական
է նաև ԵՄ պոտենցիալ խնդրահարույց անդամ երկրների հետ հարաբերվելը, 2026 թվականին Եվրոպական
քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի հյուրընկալումը։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՀՀ
իշխանությունները փորձում են բալանսավորված քաղաքականություն վարել, սակայն հստակ է
նաև, որ եղած դիսբալանսը պետք է ուղղվի հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին․ «Երբ մեր պաշտոնյաներն ասում են, որ 95 տոկոսով նվազեցրել են զենքի կախվածությունը՝
ուզենք, թե չուզենք այդ երկրի հաշվին է եղել։ Վերացական բալանս ապահովելը ճիշտ չէ ու
ի վերջո աշխատող լինել չի կարող»։
Գրիգորյանն ընդգծեց՝ չի բացառվում, որ Ռուսաստանը փորձի հակազդել
Հայաստանի բալանսավորման փորձերին, ընդհուպ՝ աբխազական սցենար կիրառի այստեղ․ «Այդ սցենարն առավել հավանական է աշնան և ձմռան ամիսներին և
ներառում է էներգետիկ ոլորտում ճնշում։ Ռիսկը կա և պետք է դա հաշվի առնելով միջոցներ
մշակել այն նվազեցնելու համար»։
Քաղաքագետը համարում է, որ ոչ միայն Քոչարյանը, այլ նաև շատ
այլ գործիչներ փորձում են ՀՀ-Ֆրանսիա համագործակցության վրա ստվեր գցել, նույնիսկ աղետ
են համարում Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում
գործակցությունը․ «Որոշ գործակալներին
իրավական գնահատական չեն տալիս, նրանք ազատ վխտում են երկրում, ինչը շատ վտանգավոր
է»,-նկատեց նա՝ շեշտելով, որ Ֆրանսիայի և ԵՄ-ի դիտորդների դեմ հակաքարոզչությունը համաձայնեցված
է Ռուսաստանի հետ։
Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ եթե Ռուաստանին չհաջողվի այս ընտրություններում
իշխանություն փոխել, հետագայում այդ հնարավորություններն
էլ ավելի կնվազեն․ «Եթե բացի զենքի մատակարարումից
հաջողվեն Հայաստանի փորձերը ՀՀ քաղաքականությունը բալանսավորել նաև այլ որոտներում՝
ՌԴ-ի համար բարդ կլինի։ Մյուս կողմից էլ՝ գուցե սա կենաց-մահու պայքար լինի Քոչարյանի ու այլոց համար՝ վերջին հնարավորություը օրինական ճանապարհով իշխանության
գալու հարցում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան