Քոչարյանն ու Սարգսյանը ունեն մեկ ընդհանուր սպառնալիք, որն էլ իրենց միավորելու է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանի հետ զրուցել ենք ներքաղաքական զարգացումների, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ակտիվության պատճառների մասին։


Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը մեկ օրով մեկնել է ՌԴ։


Հարցին, թե արդյոք այս այցը պայմանավորված է առաջիկա ԱԺ ընտրություններո՞վ, և նա գնացել է ՌԴ՝ «հյուսիսից» կրկին «դաբրո՞» ստանալու, պատգամավորն ասաց. «Իրականում կարող է այդ տարբերակն էլ լինել, բայց շատ խորհրդանշական է, որ երբ իրենց համար ինչ-որ բան լարվում է, իսկ մենք տեսնում ենք, որ իրենց դաշտում ինչ-որ լարվածություն կա նոր և այլն, իրենք անմիջապես դիմում են կենտրոնին, ինչպես միշտ եղել է, ինչպես միշտ դիմել են։ Դե վաղուց ՀՀ-ն չի կառավարվում ինչ-որ արտաքին մարմինների կամ արտաքին ուժերի կողմից, և ՀՀ-ում քաղաքական և ոչ միայն քաղաքական պրոցեսների ելքը որոշում է ժողովուրդը»։    


Խոսելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի միջև փոխհրաձգության, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի մեղմ հայտարարությունների մասին՝ պատգամավորն ասաց, որ փոխհրաձգությունը իր համար միշտ եղել է ներխոհանոցային, որովհետև երկու կլաններ են, մարդիկ նաև խոստովանեցին, որ մեկը մյուսի իշխանությունը պահելու համար անհանգստացել է, զանգել է, հետևել է և այլն։


«Այսինքն՝ իրանք փոխկապակցված են բոլոր էն հանցանքներով, որ կատարել են՝ միառժամանակ լինելով կառավարման ղեկին, որովհետև նույն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Սերժ Սարգսյանն ինչ-որ մեկը չէր, ինքը բավականին առանցքային պաշտոններ է զբաղեցրել։ Եվ էն, ինչ որ տեղի է ունենում իրենց միջև, ընդամենը մեղքը իրար վրա գցելու փորձեր են, և պարզ է, որ իրենց համար ճգնաժամային իրավիճակում իրենք մեկ է՝ միավորվելու են, որովհետև ունեն մի ընդհանուր վտանգ, մի ընդհանուր խնդիր, որը պետք է երկուսով լուծեն»,-  նշեց Տիգրան Պարսիլյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան