Մոսկվան թքած ունի նախկին նախագահների և ԼՂ-ն իրեն հանձնածների վրա, 2026-ի համար նոր թեկնածու կունենան

ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ նախկին նախագահների խմբերը որքան էլ իրար «հոշոտեն», կողոպուտն  ու մարդասպանությունները միասին են արել, Արցախն իրենց երկուսի շնորհիվ է հայտնվել ողբերգական իրավիճակում: «Եթե Հայաստանի Հանրապետությունն ունի ԱԱԾ, պետք է զբաղվի այդ հարցով։ Սրանք իրար պետք է հոշոտեն ու վերջանան, իսկ մենք պետք է մեր պետականությունն ամրապնդենք։ Դա ռուսական տիրույթում լինել չի կարող»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Շիրինյանի դիտարկմամբ՝ ազգային անվտանգության խորհուրդը պետք է խստագույնս քննի երկրի առջև ծառացած խնդիրներն ու ցուցակ կազմի: «10-15 հոգու պետք է արգելեն այս կամ այն կերպ ընտրություններին  մասնակցել։ Դա երեք նախագահներն են՝ իրենց բանդաներով, և նրանք, ովքեր ունեն քրեական անցյալ, դավաճանական արարքներ են արել։ Սրանց մեռցնելու ճանապարհը դոլարն է, դոլար են տեսնում՝ մեռնում, Ղարաբաղն էլ կծախեն, մնացածն էլ»,- ասաց մեր զրուցակիցը։


Քաղաքագետի  խոսքով՝ որքան էլ Քոչարյանը ներկայանա որպես Ռուսաստանի համար նախընտրելի թեկնածու, Մոսկվան այսօր թեկնածու չունի. «Ռուսաստանը թքած ունի ցանկացած մեկի վրա, երկու նախագահներն էլ վառվեցին, Վազգենն իրեն չարդարացրեց, ղասաբի շորերով դիվանագետը՝ ևս... բոլորը հերթով կգնան, վերջին օրը անկողնուց թարմ մեկին կհանեն, կաշխատեն իր հետ։ Սրանց վրա Ռուսաստանը թքած ունի, ինչպես որ թքեց Բակոյի վրա, բոլոր նրանց, ովքեր Արցախը հանձնեցին իրեն»։


Շիրինյանը կարծում է, որ Ռուսաստանը կփորձի ընդունելի թեկնածու գտնել. այսօր դաշտում այդպիսի մեկը չկա։



Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան