«Լիլանարմ» ՍՊԸ-ն քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ բլոգեր Արթուր Չախոյանի և Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։ Հայցվորը խնդրում է դատարանին պարտավորեցնել Մեսրոպ Գևորգի Մանուկյանին սույն գործով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում «ՏիկՏոկ» սոցիալական կայքի իրեն պատկանող «mesropmanukyan» և «Ֆեյսբուք» սոցիալական կայքում իրեն պատկանող «Mesrop Manukyan» օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն հերքել համապատասխան տեսանյութերում և «Mesrop Manukyan» օգտահաշվում հրապարակված «Լիլանարմ» ՍՊԸ-ի վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հեռացնել դրանք։
ՍՊԸ-ն նույն պահանջը ներկայացրել է նաև Արթուր Հարությունի Չախոյանի
վերաբերյալ՝ սոցիալական ցանցերում իրեն
պատկանող օգտահաշիվների (Ֆեյսբուք, ՏիկՏոկ, Տելեգրամ, Թվիթեր (Իքս) և այլն)
միջոցով հրապարակայնորեն հերքել համապատասխան տեսանյութերում հրապարակված
«Լիլանարմ» սահմանափակ պատասխանատվության ընկերության վերաբերյալ զրպարտություն
համարվող փաստացի տվյալները։ Հայցվորը պահանջում է նաև պարտավորեցնել Մեսրոպ
Մանուկյանին և Արթուր Չախոյանին զրպարտության արդյունքում «Լիլանարմ»-ին պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում
վճարել, յուրաքանչյուրը՝ 6 միլիոն ՀՀ դրամի չափով։
Հիշեցնենք՝ «Լիլանարմ»-ը օրերս պարզաբանում
էր տարածել վերոհիշյալ դատական գործով պատասխանողների
վերաբերյալ։ Պարզաբանման մեջ մասնավորապես
ասվում է. «Օրերս Երևանի քաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի և հայտնի բլոգեր
Արթուր Չախոյանի կողմից համացանցում հրապարակված տեսանյութերը պարունակում են
իրականությանը չհամապատասխանող, «Լիլանարմ» ՍՊԸ-ի գործարար համբավն արատավորող
զրպարտչական բնույթի տեղեկություններ։ Մասնավորապես, Մեսրոպ Մանուկյանը
և Արթուր Չախոյանը նկարահանում և հրապարակային ներկայացնում են մի մանկապարտեզ,
որի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված չեն, դադարեցված են և կշարունակվեն
ֆինանսական միջոցների հատկացման համաձայնագիր կնքվելու պահից։
Տեսանյութում նկարահանված քանդվող ցանկապատը,
չնորոգված կոյուղին և կոնկրետ այդ ասֆալտը առհասարակ նախատեսված չեն
պայմանագրի նախագծա-նախահաշվային աշխատանքների մեջ։ Ցանկանում ենք
անդրադառնալ նաև Մեսրոպ Մանուկյանի կողմից շատ հաճախ հնչեցվող, «Լիլանարմ»
ՍՊԸ կողմից իրականացված մի քանի շինարարական օբյեկտների որակի մասին ակնհայտ
անհիմն քննադատություններին։ Վերջինս անդրադառնում է Երևանյան լճի
աջակողմյա ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքներին, Երևան քաղաքի Նոր Նորք
վարչական շրջանի հ. 134 դպրոցին հարակից խաղահրապարակների
վերակառուցման աշխատանքներին և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի
Գայի արձանի հարակից մայթերի սալիկապատման աշխատանքներին՝ ներկայացնելով
իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն»։
Դատական հայցը ներկայացվել է մայիսի 26-ին, գործով
դատավորն է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արամ Մկրտչյանը։
Հ. Մ.