Ֆրանսիան հետաքրքրված է միջին միջանցքով․ պետք է համագործակցենք մեզ ուժեղացնող կենտրոնների հետ

«Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար, քաղաքագետ Առնոլդ Բլեյանի կարծիքով՝ Ռուսաստանն ինքն է Հայաստանին հռչակել որպես թշնամի։ Ըստ նրա՝ պետք է նվազեցնել կախվածությունները Ռուսաստանից։ Այդ համատեքստում քաղաքագետը կարևորեց Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը, որի մասին Երևանում խոսեց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։


«Որտեղ կա Ռուսաստանը, այնտեղ չկա խաղաղություն և ժողովրդավարություն»,- ասաց Բլեյանը։


Ի՞նչ հետաքրքրություններ ունի Ֆրանսիան կամ Արևմուտքը Հայաստանում։ Բլեյանը վկայակոչեց «միջին միջանցքը», որի մասին դեռ Բայդենի վարչակազմի ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայնն էր խոսում։ Բլեյանի կարծիքով՝ Ֆրանսիան ևս հետաքրքրված է այս ծրագրով, հատկապես Ղազախստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո։  


Խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից՝ Առնոլդ Բլեյանը դրա ստորագրումը հավանական համարեց։ «Ադրբեջանը հասկանում է, որ խաղաղությունից ավելի շատ շահում է Հայաստանը, քան Ադրբեջանը։ Հետևաբար այնպիսի պրոյեկտներ և տնտեսական համագործակցություն պետք է առաջարկվի Իլհամ Ալիևին, որին չհամաձայնելը շատ ավելի թանկ կլինի Ադրբեջանի համար քաղաքական կամ տնտեսական առումով, քան  ռազմական ագրեսիայի գնալը։ Կամ՝ ռազմական ագրեսիայի գնալը ավելի թանկ կլինի, քան այն օգուտները, որը նա կստանար»,- ասաց Բլեյանը։

Հնարավոր է նաև, որ Ալիևը խաղաղության պայմանագիրը չստորագրի մինչև 2026 թվականի ՀՀ ԱԺ ընտրությունները և քարոզարշավի ընթացքում էսկալացիաների գնա՝ ինչպես դա տեղի ունեցավ 2021 թվականին։ «Հնարավոր է, որ նա այդ քայլով փորձի նոր դիվիդենդներ տալ մեր, այսպես կոչված, ընդդիմադիր դաշտին։ Մյուս կողմից՝ պետք է հիշենք, որ սահմանազատման գործով Ադրբեջանը տարատեսակ պահանջներ էր առաջ քաշում, բայց ունեցանք այդ փաստաթուղթը, որը թվում էր՝ անիրագործելի է, բայց ստացվեց։ Հետևապես այս դեպքում էլ կարող ենք հավատալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մենք պետք է համագործակցենք այն ուժերի հետ, որոնք բարձրացնում են մեր տեսակարար կշիռը, մեր քաղաքական կշիռը բանակցային գործընթացում։ Դա Ֆրանսիան է, ԱՄՆ-ն է, Հնդկաստանն է, արաբական աշխարհի երկրներն են»,- ասաց Բլեյանը։ 

 


Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան