Երևանում շտապօգնության բժշկի վրա կացնով հարձակված տղամարդը ձերբակալվել է

Երևանում շտապօգնության բժշկի վրա կացնով հարձակված տղամարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ալկոհոլի ազդեցության տակ տղամարդը կացինը նետել է կանչով ժամանած շտապօգնության 26-ամյա բժշկի ուղղությամբ։


Դեպքը տեղի է ունեցել մայիսի 26-ի երեկոյան։ Ժամը 21։00-ի սահմաններում շտապօգնության խումբը «ինքնազգացողության վատացում» կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն։ 45-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացինը, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։Բարեբախտաբար, միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել։


Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.55-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, ապա քննչական բաժին:


Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։