Ռուսաստանի Դաշնության պաշտպանության
նախարար Անդրեյ Բելոռուսովը հայտարարել է, թե Սյունիքում դեռ լարվածություն կա։ Օրերս
էլ ԱՄՆ պետքարտուղարն էր անդրադարձել Սյունիքին՝ նշելով, թե պահպանվում է Ադրբեջանի
կողմից Հայաստանի վրա հարձակվելու վտանգ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Լիլիթ Մինասյանն ասաց, որ ՌԴ պաշտոնյան ամենայն հավանականությամբ նկատի
է ունեցել ՀՀ ՊՆ հաղորդագրությունները կրակոցների մասին։ Իսկ նպատակը խաղաղության պայմանագրի
ստորագրմանը ՌԴ կողմից դերակատարություն ունենալն է։ «Տեսնում ենք, որ գնալով ավելի
ենք մոտենում խաղաղությանը, պրոակտիվ հայտարարում
ենք, որ պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը, քննարկում ենք ստորագրման տեղն ու ժամը,
և ՌԴ-ն չի ուզում անմասն մնալ այս գործընթացից։ Այդ պատճառով շեշտում է, որ Ռուսաստանը
կարող է ջանք գործադրել խաղաղության ուղղությամբ»,- ասաց Մինասյանը։
Անդրադառնալով Ռուբիոյի հայտարարությանը՝
պատգամավորը նկատեց. «ԱՄՆ-ն, կարծում եմ, իր շահագրգռվածությունն ունի այս տարածաշրջանում
խաղաղության հաստատման գործում։ Դա կարող է լինել ինչպես քաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային
տեսանկյունից՝ մասնավորապես ապաշրջափակումը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շահառուներ
կարող են լինել աշխարհաքաղաքական բազմաթիվ կենտրոններ։ Տարածաշրջանի խաղաղությունը
կնպաստի այդ ենթակառուցվածքների զարգացմանն ու դրանց ապաշրջափակմանը»։
Մինասյանի կարծիքով՝ անվտանգ
առևտրային կապերն են երկարատև խաղաղության գրավականը։ Անդրադառնալով տարածաշրջանում
ԱՄՆ շահերին՝ Լիլիթ Մինասյանն ասաց. «Կարծում եմ՝ ԱՄՆ-ն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում
վարում է բալանսավորված քաղաքականություն»։
Իսկ Ռուսաստանը, ըստ Մինասյանի, լավ կլինի, որ նախ փորձի իր պարտավորությունները
ու ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչի։ Հիշի վերջին տարիների ճշգրիտ ժամանակագրությունը՝
ոչ իր ցանկությամբ, ընտրովի, և դրանից հետո ՌԴ միակ շահը այստեղ կարող է լինել այն,
որ ՀՀ տարածքով, ՀՀ սուվերենության ներքո՝ այդ թվում ռուսական բեռներ կարող են անցնել։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան