Քաղաքական վերլուծաբան Բարդուղ
Գալստյանը, խոսելով Ռուսաստանի վերջին շրջանի
ակտիվության մասին, նշեց՝ ռուսական ազդեցությունը
Հրվ. Կովկասից երբեք էլ չի նվազել: «Մարիա Զախարովայի հայտարարությանը նախորդել էր
Լավրովի ինքնավստահ այցը Հայաստան, ինչը վկայում էր, որ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես իր ազդեցության տակ
գտնվող պետություն։ Իսկ Մարիա Զախարովայի հայտարարությունները միտված են 2026 թվականի
ընտրություններին ընդառաջ ռուսական ուժերի
ազդեցության մեծացմանը, նրանց աջակությանը ու արցախահայությանը սիրաշահելով իրենց կողմը
ներգրավելուն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը կարծում է, որ արցախահայության մեծամասնությունը
հասկացել է, թե ուր են տանում ռուսական քաղաքական նպատակները։ Ըստ նրա՝ այդ քաղաքականության արդյունքում է, որ
եղավ 2020 թվականի պարտությունը և 2023 թվականի հայաթափումը. «Այդ ամենում իր ուրույն
և գլխավոր դերակատարումն ուներ Ռուսաստանն իր քաղաքականությամբ։ Արցախի հայությունն,
իմ պատկերացմամբ, ամենանվիրյալն է եղել Ռուսաստանին. 44-օրյա չարաբաստիկ պատերազմի
պարտությունից հետո, նոյեմբերի 9-ի համաձայնագրով երբ ռուսական զորքերը մտան Արցախ,
չգիտես ինչու՝ մեծամասնությունը ոգևորություն էր
ապրում։ Մտածում էին՝ վերջնական զինադադար
է, շատերը խոսում էին նույնիսկ Ռուսաստանին միանալու մասին։ Իսկ այսօր արցախահայերը,
որոնք այդ շրջանում հավատում էին ռուսական ազդեցության ուժերին, հասկանում են, որ Արցախի
հարցի լուծումը բացարձակապես կապ չունի ՌԴ-ի հետ, քանի որ այդ պետությունն անմիջական
մասնակցություն է ունեցել Արցախի հայաթափմանը»։
Գալստյանի խոսքով՝ ՌԴ-ն այսօր չի կատարում նույնիսկ նոյեմբերի
9-ի պայմանագրով ստանձնած պարտականությունները։
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ ՌԴ հայտարարություններն այսօր ուղիղ
համեմատական են Ադրբեջանի գործողություններին: «Լարվածությունները հրահրողը Ռուսաստանն
է, ինչը միտված է խաղաղության պայմանագրի ստորագրման
հետաձգմանը»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան