Դատախազը բացարկ հայտնեց դատավորին. Գագիկ Խաչատրյանը Գերմանիայում անհապաղ վիրահատվելու կարիք ունի

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական հերթական նիստը։ Նիստին ներկա չէր ամբաստանյալ Գագիկ Խաչատրյանը՝ առողջական վիճակով պայմանավորված։ Թե՛ կողմերը, թե՛ դատարանը համարեցին, որ կարող են նիստը առանց ամբաստանյալի շարունակել։


Մինչ դատարանը կփորձեր ներկայացնել Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին ստացված փորձաքննության եզրակացությունը՝ դատախազը դատավոր Գիվի Հովհաննիսյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։ Պատճառը դատավորի կողմից պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարելն էր առանց բժշկական եզրակացությանը սպասելու։   

Պաշտպան Երեմ Սարգսյանը առարկեց. նշեց՝ նախկինում  երբ իրենք էին բացարկ հայտնում դատավորներին, դատախազն ասում էր,  որ չի կարելի դատավորին բացարկ հայտնել իր որոշումը կայացնելու համար։ Հիմա, երբ Գագիկ Խաչատրյանի օգտին է որոշում կայացվել, դատախազությունը բացարկ է հայտնում դատավորին։


Անձի կյանքի և առողջության հետ կապված հարցերը, ըստ Գևորգ Սարգսյանի, ենթակա էին անհապաղ քննարկման, եթե դրանք չէին հետաձգվել, և հանգամանքներ չկային պարզելու։ Այսինքն՝ այս դեպքում հանգամանքներ կային պարզելու, և դրանք պետք է պարզվեին դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։


Դատարանը բացարկի մասին դատախազի միջնորդությունը քննելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Մինչ այդ, սակայն, ներկայացրեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը սեղմ ժամկետում Գերմանիայում վիրահատության կարիք ունի:


Նշենք, որ դատարանը դեռևս ապրիլի 4-ին թույլատրել էր Խաչատրյանին վիրահատության նպատակով մեկնել Գերմանիա, բայց դատարանի որոշումից անմիջապես հետո մեկ այլ քրեական վարույթով Խաչատրյանը մեղադրյալ էր ներգրավվել, և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը, ուստի չի մեկնել վիրահատության։


Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ երկրորդ գործով Խաչատրյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը բողոքարկել է դատախազին։ Դատախազն այն մերժել է, պաշտպանը բողոքարկել է դատարանին։ Դատաբժշկական այս եզրակացությունը նա կներկայացնի դատարանին։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան