Գլոբալիզացիայի և տարածաշրջանային
համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը կարևորում է Հայաստանում
անցկացված «Երևանյան երկխոսություն» միջոցառումը՝ ընդգծելով, որ զարմանալի էին քննադատությունները
նաև ոչ պրոռուսական ուժերի կողմից: «Հասկանալի է, որ նախկիններն ու պրոռուսական ուժերը Հայաստանը
տեսնում են որպես Ռուսաստանի կցորդ, և պարզ է, որ այս տեսակ ֆորումի նկատմամբ պետք
է բացասական վերաբերմունք ունենային։ Ի զարմանս ինձ՝ ՀՀ անկախության կողմնակից, պրոդեմոկրատական
գործիչներն էլ էին քննադատում, մինչդեռ ֆորումը գերկարևոր նշանակություն ուներ»,- Civic.am-ի
հետ զրույցում ասաց նա։
Գրիգորյանի դիտարկմամբ՝ չափազանց կարևոր է Գորիսում Ֆրանսիայի
պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը։ Նա անդրադարձավ այն քննադատություններին, թե
ինչու է գլխավոր հյուպատոսության փոխարեն բացվում պատվո հյուպատոսի գրասենյակ։ Նշելով,
որ քննադատությունները պարզ չիմացության արդյունք են, Գրիգորյանը չբացառեց նաև միտումնավոր
կերպով արվող մանիպուլյացիաները. «Նույն ռեգիոնում ընդունված չէ երկու գլխավոր հյուպատոսություն ունենալ, Գորիսում կարող էր բացվել մի քիչ ավելի ցածր կարգավիճակով
պատվո հյուպատոսի գրասենյակ։ Այո՛, մի քիչ
ցածր է Կապանից, բայց Ֆրանսիան չի ցածրացրել, ի սկզբանե դա էր նախատեսված։ Եթե վաղը
Գյումրիում բացեն՝ կբացեն գլխավոր հյուպատոսություն։ Ոչ մի իջեցում չկա, թող չշահարկեն»։
Քաղաքագետը զարմացած է Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած
ցույցից, եվրադիտորդներին ուղղված քննադատություններից: «Սիրտս ցավում էր, որ երբ մայիսի
26-ին մեկնարկեց «Երևանյան երկխոսությունը»,
Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ինչ-որ ակցիա էր, թե իբր Ֆրանսիան «ալիքները խառնում է,
ուզում է պոկել Հայաստանը». սիրտս պարզապես ցավում էր։ ՌԴ հատուկ ծառայություններն
աշխատում են վարկաբեկել, խաթարել մեր համագործակցությունը։
Զարմացած եմ, որ չեն զբաղվում այդ մարդկանցով։ Պատկերացնո՞ւմ եք, այդ մարդիկ պահել
են պաստառներ, որտեղ գրված է, թե իբր եվրադիտորդները ՆԱՏՕ-ի ագենտներ են: Դիմում եմ
այն մայրերին, ում զավակներն այսօր բանակում են՝ եվրադիտորդները պահում են կյանքեր,
մեր երեխաներին փրկում են նրանք։ Իսկ այն մարդիկ,
ովքեր եվրադիտորդների դեմ բողոքում են, ուզում են, որ հայ մայրերին իրենց երեխաների
դիակները վերադարձնեն»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան