ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ կառավարության
նիստում «եկեղեցիների չուլանացման» մասին հայտարարությունը համարում է երկրի ղեկավարի
կողմից հնչեցված մտահոգություն, որին, նրա դիտարկմամբ, հոգևոր դասը արձագանքել է ոչ
ըստ էության։ Ըստ Թորոսյանի՝ վարչապետը սրտնեղում էր, որ այդպես չպետք է լինի, և նրա
նկատառումից հետո պետք է որ Մայր Աթոռից հանձնարարություն իջեցվեր բոլոր եկեղեցիներին՝ դրանք բերել պատշաճ՝ եկեղեցուն հարիր վիճակի։ Մինչդեռ ականատես եղանք հոգևոր դասի ներկայացուցիչների
քաղաքական բնույթի հայտարարություններին։ «Հայտարարություններ են անում հոգևորականներ,
որոնց վարքը կիլոմետրերով հեռու է եկեղեցու սպասավորներին բնորոշ՝ քրիստոնյաների պատկերացրած
վարքից»,- նկատում է Թորոսյանը՝ հավելելով, որ, այսպես ասած, արգելված թեմաներով
խոսակցությունը մեր հանրության հետ չափազանց կարևոր է։
«Վարչապետը, հարգանք
ունենալով թե՛ եկեղեցու՝ որպես ինստիտուտի, թե՛ շենքի, թե՛ հավատքի նկատմամբ, ասում
է՝ չի կարելի թույլ տալ այդ հավատքի սրբատեղի համարվող եկեղեցիներում նման վիճակ։ Դա հարձակո՞ւմ
է եկեղեցու նկատմամբ, թե՞ պաշտպանություն է
եկեղեցուն՝ այդ չուլանացումը իրականացնողներից»,- ասաց մեր զրուցակիցը։
ԱԺ պատգամավորը կարծում
է՝ եկեղեցին 2020-ից հետո մտել է քաղաքականություն, իսկ «երբ դու մտնում ես քաղաքականություն,
դու ստանում ես և ստանալու ես քաղաքական պատասխան՝ այդ թվում երեկվա հայտարարություններն
անողները, և քաղաքական, և բարոյական»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան