Սյունիքը Հայաստանի ողնաշարն է. դա գիտակցելով է, որ Ֆրանսիան գնաց այս քայլին

Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը կարծում է, որ Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսարանի բացումը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի անկախության և թե՛ ռազմավարական զարգացման համար: «Դժվար չէ գնահատել այդ տարածքի նշանակությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արևմուտքի ու Արևելքի համար։ Հյուպատոսարանի բացման առաջին կարևոր հանգամանքն այն է, որ ամրապնդվում են հայ-ֆրանսիական կապերը։ Հիշենք, որ Գորիսն ու ֆրանսիական Վիեն քաղաքը եղբայրական քաղաքներ են։ Երկրորդ  կարևոր  գործոնը Հայաստանում ներքին խաղաղության ու տարածքային ամբողջականության պահպանումն է։ Ֆրանսիան սրանով ցույց է  տալիս, որ ներկա է այդ տարածաշրջանում, հայ բնակչության կողքին է»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Նրա դիտարկմամբ՝ աշխարհագրական տեսանկյունից Սյունիքը կարևորագույն միջանցք է հանդիսանում Արևելքից դեպի Արևմուտք: «Դա միակ ճանապարհն է , որն Արևմուտքի ու Արևելքի համար խաղաղ է, վերահսկելի ու ապագայում խնդրահարույց չի լինի, քանի որ Հայաստանը չունի այն ամբիցիաները, որն ունեն Ադրբեջանն ու Թուրքիան։ Դա ավելի հանգիստ ճանապարհ կլինի ապագայում՝ Հնդկաստանից ու Իրանից դեպի Արևմուտք՝ Եվրոպա»,- ասաց մեր զրուցակիցը։


Բագրատ Առաքելյանը կարծում է, որ Սյունիքը Հայաստանի կարևորագույն մարզն է,  ողնաշարը. «Եթե, Աստված չանի, Սյունիքի հետ  ինչ-որ բան տեղի ունենա, Հայաստանը կարող է կործանվել: Դա գիտակցելով է, որ ֆրանսիական կողմը և թե՛ նաև հայկական կողմը գնացին այս քայլին։ Թեկուզ  սիմվոլիկ նշանակություն ունի աշխատանքային դիվանագիտության տեսակետից, բայց ռազմավարական տեսանկյունից այն ունի հսկայական նշանակություն։ Հույս ունեմ, որ աշխատանքները կշարունակվեն, և ապագայում ուրիշ ներկայացուցչություններ կբացվեն ոչ միայն Սյունիքում, այլ նաև Հայաստանի այլ մարզերում»։


Խոսելով Կապանում բացվելիք ՌԴ հյուպատոսության մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանը դրա կարիքը չունի: «Երբ տեսնում ենք, որ Ռուսաստանն է նման քայլեր կատարում, դա խոսում է այն մասին, որ այդ երկիրը նոր էքսպանսիա է կատարում Հայաստանում»,- ասաց Առաքելյանը։



Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան