«Հանրապետություն» կուսակցության
քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը, Civic.am-ի եթերում անդրադառնալով 168.am-ի եթերում
ՀՅԴ գերագույն խորհրդի նախկին անդամ Հրանտ Մարգարյանի հարցազրույցի ընթացքում Հոկտեմբերի
27-ի ահաբեկչությանը պոռթկում, իսկ բուն ակտը սրբության սրբոց գործողություն գնահատելուն,
ասաց, որ դաշնակ լինելն արդեն իսկ գնահատական է։ Նա հիշեցրեց, որ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ
բազմիցս գնահատականներ հնչել են, որ դա դրսի ուժերի աջակցությամբ տեղի ունեցած իրադարձություն
էր, որը տեղի որոշ շրջանակներ ողջունել են, գնահատել են «պոռթկում», «ռոմանտիկների
քայլեր» և այլն։ Ըստ Խաչատրյանի՝ դաշնակցականները երազում են նոր «Հոկտեմբերի 27-ի»
մասին։
«Առաջիկայում 2026 թվականի ընտրություններն
են, ու հասարակությունը պետք է իմանա, պետք է ճանաչի՝ ովքեր են Հոկտեմբերի 27-ով ուրախացողները։
Պետք է իմանա՝ եթե ինքը ձայն տա ռոբերտքոչարյանական, դաշնակցական այդ ուժերին, ձայն
է տալիս Հոկտեմբերի 27-ը սրբություն համարողներին ու Հայաստանի համար նոր «Հոկտեմբերի
27-եր» ցանկացողներին։ Իսկ Հոկտեմբերի 27-ը հայոց պատմության ամենածանր, ամենաամոթալի
էջերից էր, որը բերեց այսօրվան՝ 2021 թվականի և դրան հաջորդող ծանր հետևանքներին»,
- ասաց Անի Խաչատրյանը։
Անդրադառնալով բանակի հրամանատարությանը
«սպայակույտ» անվանելուն, ինչը հնչեց 168.am-ի լրագրողի կողմից, Խաչատրյանն ասաց. «Խնդիր
ունենք հենց այդ լրագրողակույտին խելքի բերելու, և հավանաբար պետական լուրջ միջամտություն
պետք է լինի, որպեսզի լրագրությունը նորից սկսի աշխատել պատշաճ»,- ասաց Խաչատրյանն
ու, անդրադառնալով երկրապահներին հարցազրույցի ընթացքում թիրախավորելուն, խորհուրդ
տվեց հետաքրքրվել զինծառայողներից, թե որքան կարևոր է երկրապահների ներկայությունը
սահմանին։ Նշեց, որ ինչպես լրագրողն է, այսպես այսած, զարմանում, թե ինչպես են հրամանատարները,
երկրապահը կատարում քաղաքական ղեկավարության հրամանը, այդպես էլ ինքն է զարմանում,
թե ինչպես է լրագրողը կատարում իրեն հրաման տվողների հրամանն ու այդօրինակ հարցեր հնչեցնում
իր հյուրերին։
Ինչ վերաբերում է Մարգարյանի
ուշագրավ բացահայտմանը, ըստ որի՝ Ռուսաստանը,
ըստ էության, Արցախը հանձնելով Ադրբեջանին, պատժել է Հայաստանին 2018 թվականի հեղափոխության
համար, Խաչատրյանն ասաց, որ հենց դրա համար էլ Հայաստանի պրոռուսական ուժերը Արցախում
պատերազմից հետո ամենաթեժ իրավիճակում արեցին իշխանափոխություն, դրդեցին դրան ու հանձնեցին
Արցախը։
«Այն ուժերը, որոնք այստեղից
աջակցում էին Արցախի հեղաշրջմանը, դրան էլ տանում էին»,- անդրադառնալով հեղաշրջմանը
ռուսական հետքին՝ ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան